Հետևեք մեզ։

Նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը, մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է միասնական լինելը․ Գարեգին Բ Կաթողիկոս

08:59, 21 սեպտեմբեր 2024
Նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը, մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է միասնական լինելը․ Գարեգին Բ Կաթողիկոս

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ։


Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին:

Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար դիմակայեցին բազում դժվարությունների ու նեղությունների, արձանագրեցին նշանակալի ձեռքբերումներ և առաջընթաց։


Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։ 


Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ Արդ, արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը։


Ապավինած Աստծուն շենացնենք մեր երկիրը հավատի, հույսի և սիրո գործերի նոր վկայություններով և մեր նվիրյալ ջանքերով իրագործենք ազգային մեր իղձերը՝ արժանի դառնալով սաղմոսերգուի օրհնաբանությանը․ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. 32:12)։ 


Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։


Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն:

Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Վերլուծական

Ամենաընթերցվածները