Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք, և ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ՌԴ-ից և ԵՄ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններին Հայաստան։
«Ռուսամետները գալու են, ասեն՝ ո՛չ, միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են, ասեն՝ ո՛չ, միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է այդ ծանր, երկու կամ երեք, չորս բևեռների միջով տանի առաջ։ Կարո՞ղ եք ասել աշխարհում գոյություն ունեցող 1 երկիր, որն ամբողջությամբ քաղաքական 1 գիծ է վարում: Նման երկրները դադարում են գոյություն ունենալ: Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ: Դրա օրինակները չեմ ուզում բերել, բայց շատ վատ օրինակներ են»,-ասաց Սիմոնյանը։