Իշխանության ներկայացուցիչները մի քանի թեզեր շարունակում են առաջ տանել․ մեկն այն է, որ ընդդիմություն կանի «Գյումրի 2», և խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո կմիավորվեն և կդառնան մեծամասնություն և կընտրեն վարչապետ, իսկ մյուսը Սամվել Կարապետյանի քաղաքացիության հարցն է։
Ընդ որում, իշխանությունը միայն արձնագրում է ու արձանագրում, և այդ ամենը բացասական ֆոնի ներքո։
Նախ․ «Գյումրի 2», որը ընդդիմադիր ուժերի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու մասին է, քաղաքագիտական նորմ է, սահմանադրությամբ թույլատրելի և այդտեղ բացասական ոչինչ չկա, այլ հարց է, որ իշխանությունը դեմ է ցանկացած միավորման, կլինի դա հասարակական, թե քաղաքական, միայն թե միավորում չլինի, դե պառակտման ջատագովն են իրենք։ Իսկ երբ Ավինյանին համատեղ ուժերով դարձրին քաղաքապետ, այդտեղ միասնական թեկանծու ունենալ կարելի էր։ «Երևան1»-ը հե՞չ, «Գյումրի 2»-ն է ահ ու սարսա՞փը։
Իրականում, ընդդիմության միավորումը կոնկրետ մարտահրավեր է իշխանության համար, բայց այդ թեմայով՝ հաջորդիվ։
Եվ իշխանության մյուս թեման Սամվել Կարապետյանի` երեք երկրի քաղաքացի լինելու փաստն է, և որի պարագայում անձը չի կարող լինել ՀՀ վարչապետ, պատգամավոր և այլն, փաստ է, բայց «Ուժեղ Հայաստանը» դրա բացատրությունն ունի, չի ասում՝ Սահմանադրության խախտումով դառնալ վարչապետ, այլ ասում է՝ նոր ձևավորված խորհրդարանն ունակ է վերացնել սահմանադրական արգելքը, ինչից հետո միայն Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ։
ՔՊ-ն միայն առաջին մասն է պնդում, որովհետև երկրորդ մասն իրեն ձեռնտու չէ։
Բայց այս քննարկումների ֆոնին քիչ, թե շատ քաղաքական հիշողություն ունեցող անձինք կհիշեն ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին։
Բոլորովին կողմնակից չեմ մեկ անձի գործողություններին կամ նրան առնչվող փաստերի ֆոնին արդարացնել մեկ այլ անձի, և բոլորովին համաձայն չեմ այն ձևակերպումների հետ, որ եթե մեկը սխալ է, մյուսի սխալ լինելն արդարացվում է, բայց, բնականաբար, համաձայն եմ արդար դատողությանը։
Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում էր որպես Բրիտանիայի քաղաքացի: Նա այս ընկերության տնօրեններից մեկն է եղել: Իհարկե, հետո հայտնեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2011-ին հրաժարվել է Բրիտանիայի քաղաքացիությունից, սակայն բրիտանական ընկերությունների ռեգիստրում հրապարակված փաստաթղթերը կասկածի տակ էին առնում այս տեղեկությունը:
Թեման փակեց մեկ մարդ՝ Արմեն Սարգսյանի փաստաթղթերը պահանջողը, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն էր։
Արմեն Սարգսյանը որպես նախագահ «ոչնչացված է»․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2018-ի ապրիլի 9-ին, սակայն 18 օր անց (Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելուց 4 օր հետո) Փաշինյանը հայտնեց, որ հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ․ «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։
Վերջ․ այլևս ոչ ոք այդ փաստաթղթերը չտեսավ, 2023-ի հունվարից էլ Արմեն Սարգսյանին չտեսան։
Ով է ճշմարիտը՝ մեկ օր, վստահաբար, կպարզվի, բայց խնդիրն այն է, որ այդ թեման բերող ու տանող Փաշինյանը, այդպես էլ հանրությանը այդ փաստաթղթերի մասին չհայտնեց, աղմկեց, երբ պետք էր, լռեց, երբ պետք էր, իսկ հիմա, երբ կա երկքաղաքացի անձ, որը Սահմանադրական ճանապարհն է նշում իշխանության գալու համար, ՔՊ-ն աղմկում ու աղմկում է, գուցե այլ մանրամասներ ևս ՔՊ-ին պետք է հիշեցնել․․․
Ընդ որում, այս իրավիճակը բացարձակ համեմատելի չէ․ թեման միայն ՔՊ արձագանքն է։
Բոլորովին չխախտելով Արմեն Սարգսյանի անմեղության կանխավարկածը, նա ԱԺ-ում, երբ նախագահի թեկնածու էր, հայտնել էր, որ իր նախագահ դառնալու հարցն իրավաբանների հետ քննարկել է, ինչն, արդեն կասկածի տեղիք էր տալիս, որովհետև 2011-ին եթե հրաժարված լիներ ՄԹ քաղաքացիությունից, ապա իրավաբանների հետ քննարկման հարց չէր առաջանա, որովհետև, փաստացի, նա նախագահ ընտրվելուց վեց տարի առաջ այլևս միայն հանդիսանում էր ՀՀ քաղաքացի։
Կարապետյանի թիմը հայտնում է, թե ի՞նչ է պլանավորում անել, որևէ կասկածի տեղիք չտալով և սահմանադրական նորմ չխախտելով, և այդ ամենն անում է հենց սկզբից, ոչ թե վերջում։
Եվ կրկին չարդարացնելով ոչինչ, ՔՊ-ն չէ, որ պետք է Սահմանադրության պահպանումից խոսի, Վահագն Խաչատուրյանը վկա․․․