Հետևեք մեզ։

Ինձ համար հատկապես կարևոր է, որ մեզ հնարավորություն տրվի կյանքի կոչելու «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը. ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Նորա Առուստամյան

12:56, 28 ապրիլ 2026
Ինձ համար հատկապես կարևոր է, որ մեզ հնարավորություն տրվի կյանքի կոչելու «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը. ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Նորա Առուստամյան

Hayastan.news-ի զրուցակիցը ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Նորա Առուստամյանն է.

-Տիկին Առուստամյան, Դուք հերթական անգամ ԲՀԿ համամասնական ցուցակով  պատգամավորի թեկնածու եք։ Ինչպե՞ս կայացրիք կրկին Ազգային ժողով վերադառնալու որոշումը։


-Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր ողջախոհ ու մտահոգ քաղաքացի, չէի կարող անտարբեր մնալ մեր երկրում ստեղծված բարդագույն իրավիճակի նկատմամբ։ Ինձ համար քաղաքականությունը երբեք պարզապես պաշտոն զբաղեցնելու մասին չի եղել․ դա պատասխանատվություն է երկրիս և հայրենակիցներիս առաջ։


Ինչպես գիտեք, քաղաքական ճանապարհս սկսել եմ հենց այս թիմում՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ։ Այս տարիների ընթացքում անցել ենք բավականին երկար ու արժեքավոր ուղի, ձևավորվել են ոչ միայն աշխատանքային, այլև մարդկային ջերմ հարաբերություններ։

Այդ նշանակալի ճանապարհն ու հայրենիքիս զարգացմանը նպաստելու, այն ավելի բարեկեցիկ դարձնելու անկեղծ մղումն ինձ բերեցին այն որոշմանը, որ կրկին առաջադրվեմ։ 


Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա դրանք առանձնանում են մեր թիմի կողմից իսկապես տարբերվող մոտեցմամբ։ Ինչպես հիշում եք, ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանն ամիսներ առաջ հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մասին, որն իր ձևաչափով իսկապես բացառիկ է։ Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն ձևավորվել է հենց ժողովրդի, այլ  ոչ թե աշխատասենյակներում փակված և ժողովրդին հուզող իրական հոգսերին անտեղյակ պաշոնյաների կողմից: 

 

Որպես տարիներ շարունակ մարզից ընտրված պատգամավոր՝ ես մշտապես սերտ կապի մեջ եմ եղել քաղաքացիների հետ և շատ լավ գիտեմ, թե որքան կարևոր է նրանց համար տեսնել, որ իրենց ձայնը ոչ միայն լսվում է, այլև դառնում է ծրագրային փաստաթղթի մաս։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ամիսների ընթացքում «Առաջարկ Հայաստանին»-ը ձևավորվել է որպես իսկապես ժողովրդական ծրագիր։


-ԲՀԿ նախընտրական ծրագիրը բաղկացած է 10 կետից։ Որո՞նք են Ձեզ համար ամենակարևոր դրույթները, որոնք կառանձնացնեք։



 -Իրականում ծրագրի բոլոր կետերն էլ կարևոր են․ այստեղ չկա որևէ պատահական ձևակերպում։ Յուրաքանչյուր դրույթ մանրակրկիտ մշակված է տարբեր ոլորտների բանիմաց և փորձառու մասնագետների ներգրավմամբ և հազարավոր առաջարկների ուսումնասիրության արդյունքում։


Այնուամենայնիվ, եթե պետք է առանձնացնեմ, ապա ինձ համար առաջնահերթ են ներքին համերաշխությանը, ազգային միասնականությանը և կրթությանն առնչվող կետերը։ Վստահ եմ, որ հենց այս ուղղություններով մենք կարող ենք ձևավորել այն հիմքը, որի վրա կկառուցվի մեր երկրի կայուն և զարգացող ապագան։

 

Օրինակ՝ մեր ծրագրում առաջարկվում է 2028 թվականից սկսած պետական ու համայնքային բոլոր կրթօջախները դարձնել անվճար՝ սկսած մանկապարտեզներից մինչև բուհեր։ Առաջարկում ենք նաև կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ մարզերից եկած ուսանողների համար։ Իսկ երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման համար նախատեսել ենք «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունն ու մասնավոր հատվածը համատեղ կօգնեն նորավարտներին գտնել իրենց առաջին աշխատանքը։ 

 

Ինչ վերաբերում է ներքին ատելության ու թշնամանքի վերացմանն ուղղված ջանքերին, ապա մեր ծրագրում որպես ազգային վերածննդի նոր բրենդ առանձնացրել ենք ներքին համերաշխությունը և պատրաստ ենք անել ամեն ինչ՝ այն կյանքի կոչելու համար։ Այսօրվա աշխարհում և մեր տարածաշրջանում առկա նոր մարտահրավերների պայմաններում ներքին համերաշխությունը կենսական անհրաժեշտություն է։


«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առաջարկում է, որ պատերազմից և ծանր պարտությունից հետո մեր վերականգնման հիմքում դնել ներքին համերաշխությունը։ Պարզ ասած՝ պետք է կարողանանք խուսափել ներքին ցնցումներից, հաղթահարել պառակտումը և միասին առաջ շարժվել։


Սա նաև նշանակում է, որ պետության բոլոր կառույցները՝ հատկապես արդարադատության և իրավապաշտպանության ոլորտում, պետք է գործեն արդար ու հավասարակշռված՝ նպաստելով մարդկանց կողմից վստահության ձևավորմանը։ Պետությունը պետք է հետևողականորեն կանխի և չեզոքացնի այն երևույթները, որոնք նպաստում են ատելությանը և բաժանմանը։


-Տիկին Առուստամյան, ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա խորհրդարանական ընտրություններից։



 - Ինձ համար ամենամեծ սպասելիքը մեկն է, որ վերջապես կվերանա հասարակության մեջ ստեղծված ատելության և թշնամանքի անտանելի մթնոլորտը, և կձևավորվի ներքին համերաշխություն։ Պետք է պարզ գիտակցենք՝ երկրի ներսում թշնամիներ չունենք, ներքին պայքարի դաշտ չունենք․ ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ մեր երկիրը դուրս բերել ստեղծված բարդ իրավիճակից։


Ինձ համար հատկապես կարևոր է, որ մեզ հնարավորություն տրվի կյանքի կոչելու «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Քանի որ, սա ծրագիր է մարդկանց, նրանց առօրյան, խնդիրները և ապագան ավելի բարեկեցիկ, ապահով դարձնելու մասին։
Անկեղծորեն ցանկանում եմ, որ մարդիկ ծանոթանան ծրագրին, կարդան այն և տեսնեն, որ այնտեղ ներառված են հենց իրենց հուզող հարցերը և դրանց իրական լուծումները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները