Քաղաքացիների հետ Նիկոլ Փաշինյանի շփումները շատ բան են բացահայտում։ Նրան համակրում են մարդիկ, ովքեր ոչ մի բացատրություն չունեն դրա համար և վերաբերմունքն արտահայտում են այդ հանդիպմամբ ինչ-որ հոգեբանական բացեր լրացնելու հաճույքից ելնելով։ Մեր հասարակության մեջ երբեք պակաս չի եղել այն մարդկանց, ում համար խոշոր ձեռքբերում է մի ղեկավարի հետ երբևէ ունեցած կեսրոպեանոց զրույցը։ Մյուս կողմից` շատ են Փաշինյանի երեսին նրա մասին ճշմարտությունն ասողները, իսկ այդ ճշմարտությունը միշտ պատճառաբանված է։
Նիկոլ Փաշինյանը այդպես էլ ձեռք չի բերել բոլորի ղեկավարը լինելու շնորհքը, նա ղեկավարն է առաջին խումբ մարդկանց, քանի որ այդ մարդկանց էժան հաճոյախոսությունները նրան իջեցնում են դրանից ավելի ցածր։ Իր անունով փողոցներ անվանակեչելու առաջարկին Փաշինյանի բացահայտ արհեստական ծիծաղը հակադարձ համեմատական է նրան դեմ դիմաց քննադատողների հանդեպ նրա ագրեսիային, ատելությանն ու անհանդուրժողականությանը։
Նիկոլ Փաշինյանի ու իր ընկերուհու, ինչպես նաև հենց իր իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին կոչ ենք անում չկտրվել կիրակնօրյա հանգստից, իսկ երկուշաբթի հայտարարել, որ ուսումնասիրում է Փաշինյանի կողմից հանրային տրանսպորտում անչափահաս երեխայի ներկայությամբ նրա մոր վրա մատ թափ տալու միջադեպը։ Իսկ այն իրականում ոչ թե միջադեպ էր, այլ աննախադեպ սոցիալական ու քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն։
Կարտոշկագետ Նիկոլ Փաշինյանը հանրային տրանսպորտում հանդիպելով իրեն չընտրող, քննադատող կնոջը՝ Արցախում հարազատների գերեզմանները կորցրած, դրա հետ մեկտեղ այդքան զուսպ կնոջը, ով ընդամենը խնդրել էր հեռու մնալ իրենից ու իր երեխայից, որոշեց մինչև վերջ ասել ասելիքը, չլսել կնոջ արձագանքները, ինքն իրեն հուզվել, ագրեսիվանալ, կորցնել ինքնատիրապետումը ու վերջում մեծ լավություն անել՝ թե լավ, ձեզ հանգիստ ենք թողնում։
Ի՞նչ է պետք այդքան բանի մեջով անցած կնոջ հոգեբանական վիճակի մեջ մտնելու, նրան հանգիստ թողնելով գոնե լավություն անելու, ավելորդ չլարելու, քաղաքական ստերդ ասելու ցանկությանդ դրանց հանդեպ առավելություն չտալու համար։ Ասեմ` իմացեք, ընդամենը տղամարդկություն, հավասարակշռվածություն և էլի կարծեք անհասանելի բաներ։ Բայց պետության ղեկին գտնվող այս սուբյեկտը փաստորեն մարդու, կնոջ, երեխայի հետ իրեն պահելու պարզ ունակություն էլ չունի և ոչինչ նրան չի կարող ստիպել իր ստերը մինչև վերջ ագրեսիվորեն շաղ չտալ, իսկ հակառակվողին չսպառնալ։ Երբեմնի ճարտասան լրագրողը իսպառ հրաժեշտ է տվել դիմացինին լսելու և նոր միայն խոսելու ունակությանը:
Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության աստիճանը, իհարկե, միայն սրանով չի պետք չափել։ Ալեն Սիմոնյանի անհաղորդ հայացքի ներքո ամեն շաբաթ մի նոր բան կարոտով ուտող Նիկոլ Փաշինյանը անթաքույց կերպով բռնել է ստի, կեղծիքի, թաքցնելու ու սպառնալիքի ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանն, ով մեզնից մեկն էր, միամիտ համայնքապետից պահանջում է մեզնից թաքցնել, մեր ներկայությամբ չասել, որ շենքը իր թիմակից Արամ Հովհաննիսյանինն է, իրեն քննադատող քաղաքացուն հարցաքննում է, թե նա որտեղ է արյուն տվել պետության համար, ապա բացահայտ սպառնում։
Նիկոլ Փաշինյանի անկառավարելի էմոցիաներն ամեն ինչ ասում են։ Նա անհանգիստ է, սարսափած, ու անկախ ընտրություններից՝ պարտված․․․․