Վրաստանում ռուսաստանից զբոսաշրջիկ է սպանվել․ Baza տելեգրամյան ալիքը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Վրաստանի հանգստյան վայրերից մեկում։
Վիկտորը և նրա ընկերուհի Ալինան նոր տարվա տոներին գնացել են Վրաստան: Թբիլիսիում կանգ առնելուց հետո զույգը մեկնել է Թեթնուլդի սահադաշտ: Վիկտորի ընկերուհու խոսքով՝ հունվարի 5-ին մեկ այլ մեքենա մայրուղու վրա փակել է իրենց ճանապարհը: Անհայտ անձինք դուրս են եկել ավտոմեքենայից և ապա հարձակվել տղամարդու վրա: Ալինան մի քանի կրակոց է լսել, որից հետո անհայտ անձանցից մեկը մտել է Ալինայի մեքենան, նրան դուրս նետել և շարունակել ճանապարհը, իսկ Վիկտորի հետքերը չի կարողացել հայտնաբերել։
Ալինան կարողացել է կապ հաստատել ոստիկանության հետ. Վրաստանի իրավապահ մարմիններն այսօր կասկածյալին և մեքենան հայտնաբերել են։ Ավելի ուշ ոստիկանները կալանավորել են կասկածյալներին: Նրանք խոստովանել են, որ սպանել են Վիկտորին և նրա մարմինը նետել գետը: