Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կարևոր ոլորտներից է սահմանազատումը և պետական հանձնաժողովների գործունեությունը: Այս մասին ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ասել է, որ բարձր է գնահատում այս ուղղությամբ աշխատանքը. «2024 թվականն այս առումով հիշարժան էր, առաջին անգամ բանակցությունների միջոցով ձեռք բերվեց համաձայնություն։ Պետական հանձնաժողովների միջև շփումները շարունակվում են, և այս գործընթացը կշարունակվի առաջիկա ամիսներին։ Ադրբեջանն ընդհանուր առմամբ լավատեսորեն է տրամադրված գործընթացին»։
Ջեյհուն Բայրամովի խոսքով, մեկ այլ խնդիր է երկրների միջև տրանսպորտային կապերի բացումը. «Կա նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ անցման վերականգնման խնդիր: Այդ հարցի շուրջ բանակցությունները երկար ժամանակ ինտենսիվ են եղել: Ցավոք, այս հարցում դեռ գործնական արդյունք չի գրանցվել: Բացի ընդհանուր հաղորդակցությունների բացումից, Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապեր հաստատելու հարցում։ Որովհետեւ նման բան չկա, որ երկիրը բաժանվի երկու մասի։ Սրա պատմական կողմերին չեմ ուզում անդրադառնալ։ Հայաստանն արդեն ստանձնել է 2020 թվականին սահուն անցում կատարելու պարտավորություն, և դա պետք է կատարվի։ Ադրբեջանի համար այս անցումը պետք է լինի բառացիորեն անխափան, խոչընդոտներ չպետք է լինեն։ Սա պետք է լինի պարտավորություն, որը երաշխավորում է, որ Հայաստանի օրենսդրության ցանկացած հետագա փոփոխություն չի ստեղծի այս իրավիճակը փոխելու կարճաժամկետ, երկար և միջնաժամկետ հեռանկարում: Ադրբեջանն ակնկալում է ազատ ու անկաշկանդ անցում, անկախ քաղաքական կոնֆիգուրացիայի ցանկացած փոփոխությունից, և մեր ջանքերն այս ուղղությամբ շարունակվում են»։