«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը դադարել է արգելափակել այն օգտահաշիվներն ու խմբերը, որոնք հրապարակում են Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարները։ Այս մասին սոցցանցում գրել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։
Նշենք, որ վերջին տարիներին Facebook–ը բազմիցս սահմանափակել է հասանելիությունը այն օգտատերերի պրոֆիլներին և էջերին, որոնք տեղադրել են Արցախյան առաջին պատերազմի հերոսի լուսանկարները։
Նա նշել է, որ արգելափակումները տեղի են ունեցել ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո, սակայն այժմ իրավիճակը փոխվել է` հրամանատարի նկարը ջնջելու դեմ բողոքարկելու արդյունքում դրանք հիմնականում վերականգնվում են։ Նույնը տեղի է ունենում նաև Մոնթեի անուն–ազգանունով հրապարակումների հեռացման դեպքում` բողոքարկումից հետո դրանք ևս վերականգնվում են։
Հայրապետյանը կոչ է արել արգելափակման դեպքում բողոքարկել։
«Գոյություն ունեն բոտեր, որոնք ֆիլտրում են ըստ բառի ու ըստ նկարի և ջնջում այն, տևական ժամանակ բողոքարկելու արդյունքում մենք կհասնենք այն կետին, որ հրամանատարի հարցը բոտերի տիրույթից կտեղափոխվի ռեալ ադմինների տիրույթ, բայց սրա համար համառ պայքար ու ժամանակ է պետք, համառ ու ազգային միասնական պայքար։ Հիմա մեր խնդիրը Մոնթեն է, սակայն ապագայում գուցե այլ մեծություն էլ լինի, պետք է տեր կանգնենք մեր մեծերին, մեր պատմությանն ու մեր ինքնությանը»,– գրել է Հայրապետյանը։