Հետևեք մեզ։

Դադարեցրեք․ դա խորհրդարան է, ձեր բարքերն անգամ դալանին հարիր չեն

22:04, 14 մայիս 2025
Դադարեցրեք․ դա խորհրդարան է, ձեր բարքերն անգամ դալանին հարիր չեն

Քաղաքական ուժերի անցյալի մասին կռիվը, մեծ հաշվով, ձեռնտու է բոլոր կողմերին։ Եթե կարճ ձևակերպեմ, թե ինչու՞ է ձեռնտու, ապա որովհետև ապագայի տեսլական չի ստեղծում, բովանդակություն և գործողություն չի պահանջում, իրականությունը դեպի լավը չի փոխում։

Ամենապարզ ձևակերպմամբ՝ դուք ասում եք, իրենք ասում են, իրենք ասում են, դուք ասում եք, հետո կրկին, և՞։ Ինչ է փոխում դա բացի մի ժամանակ ամաչեցնող գործողությունները սովորական դարձնելուց։

Ամեն նախորդ օրը ձեր անցյալի թեմատիկ կռվին մեկ օրվա պաշար է տալիս, հետևաբար, այդ փոխադարձ կռիվները կարող են հավերժական լինել։ Դրանք նաև ձեր անձնական կռիվներն են, ինչո՞ւ եք հրամցնում ձեր ընտրողներին և ընդհանրապես չընտրողներին։ Ինչու՞ եք դա հասցնում  բակ, փողոց, դպրոց, ընտանիք՝ վատնելով պետության ռեսուրսները։


Հեշտ է ասել, պատմել, գովաբանել ու թիրախավորել, հայհոյանքն էլ արդեն փորձում եք սովորական դարձնել։  

Այս խորհրդարանը ձախողումներ արձանագրող խորհրդարան է, ոմանք ազնվորեն, ոմանք չափազանց մեծ նվիրվածությամբ ջանք չեն խնայել իրավիճակ փոխել, ոմանք արտասվել են Արցախի կորստի համար, ոմանք ամենաթանկն են տվել․․․ ոմանք ուրախացել են,  ոմանք սեփական շահի, ոմանք ապագայում իրենց լիդների ցուցակում հայտնվելու կռիվ են տալիս, ոմանք ուրանում են ամեն ինչ՝ ծնողից մինչև հայրենիք։ Բայց փաստ է, Արցախի կորուստն արձանագրել է այս խորհրդարանը և շարունակել գնալ աշխատանքի այդ վայր։

Ընդդիմությունը պետք է հաշվարկի, թե որքան հնարավորությունից կզրկի իշխանությանը, եթե չգնա խորհրդարան։ Սառը, քաղաքական հաշվարկ է պետք։ 

Իրավիճակն այնքան անելանելի է, որ իշխանափոխության երևակայական հնարավորության պարագայում անգամ այս ընդդիմությունը բովանդակային, իրատեսական հիմք չի ստեղծում։ Ցանկությունները, հակադարձումները գիտենք, գործը՝ դա ելույթը չէ, Փաշինյանին՝ համբալ ասել տալու շանսը չէ։

Հայաստանը վտանգի տակ է՝ ներսից, դրսից ու անգամ ապագայից՝ Մերձավանի դպրոցի դեպքերը վկա։ Խորհրդարանը հսկայական անելիքներ ունի, եթե նպատակը Հայաստանը փրկելն է։ Ավելին, բովանդակության պարագայում ոչ իշխանության, ոչ ընդդիմության ժամանակը թույլ չի տա իրար հայհոյել։

Ի՞նչ է տալիս այս խորհրդարանն ընդդիմությանը, չգիտեմ, բայց կան անձինք, ովքեր դա բացատրում են, գտնում են, որ ճիշտ է գնալ ԱԺ, բայց գիտեմ, թե ի՞նչ է տալիս այս խորհրդարանն իշխանությանը։ Տալիս է բազմաթիվ հնարավորություններ՝ արդարանալու, թիրախավորելու ում ուզում և ինչպես ուզեն, որովհետև իշխանության թիրախավորումը քաղաքական գնահատական  է կամ սադրվել, ընդդիմությանը ասածները Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերով կարգավորվող և պատժվող հանցանքներ են։   

Խորհրդարանի առաքելությունը բովանդակային ու գաղափարական կռիվն է, թե ով է ավելի լավը թեմայով կռիվը թակարդ է, անբովանդակ շրջապտույտ, որից դուրս գալն անգամ ընդդիմությանը չի հաջողվում։

Անձնական մարտերի համար ռինգ կա, ի վերջո, դալան կա, բայց նաև մտավախություն կա, որ ձեր բարքերն անգամ դալանի չեն․․․



Վերլուծական