Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգության իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը։ Տելեգրամի իր ալիքում նման գրառում է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մարդը, ով հանրային անվտանգությամբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ, այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները»։Հիշեցնենք, որ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել ու որտեղ հստակ երևում է, թե ինչպես է «ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող, ՀՖՖ-ի ներկայիս ապիկար և վախկոտ ղեկավարության թիկունքը պահող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը, ով նաև ՀՖՖ անվտանգության պետն է` անհամաչափ ուժ և բռնություն կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին, հատկանշական է, որ երեխան արդեն իսկ «բռնված» էր և դիմադրություն ցույց չէր տալիս»։