Հետևեք մեզ։

Մինչև հրապարակային ներողություն չհնչի, հրաժարվում եմ Հ1 գնալ․ Վիկտոր Մնացականյան

16:42, 17 մայիս 2025
Մինչև հրապարակային ներողություն չհնչի, հրաժարվում եմ Հ1 գնալ․ Վիկտոր Մնացականյան

Ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը գրում է․

«Այն, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կամ Հ1-ը վաղուց դադարել է հանրային լինել, արդեն հասկանալի ու տեսանելի է բոլորին, այդ թվում՝ նաև իշխանություններին։ Քանզի հենց նրանց շնորհիվ ու ջանքերով է, որ Հ1-ը վերածվել է բացառապես իրենց՝ և ոչ թե հանրության սեփականության։

 

Ամենաթարմ վկայությունը Հ1-ով տարածվող այն «ռևիզիոնիզմն» է, որով փորձ է արվում նսեմացնել կամ ուրանալ Մեծ Հայրենականի հաղթանակը և դրանում հայ ժողովրդի ներդրումը, այսինքն` 1941-1945 թվականներին ֆաշիզմի դեմ մղված պատերազմում շուրջ 600 հազար հայերի մասնակցությունը, ինչպես նաև շուրջ 300 հազար զոհվածների հավերժական հիշատակը։

 

Հարց է ծագում. ի՞նչը կամ ո՞վ է դրդում Հանրային հեռուստաընկերությանը՝ հատուկ պատրաստված/ ուղղորդված հաղորդավարների մասնակցությամբ, հրավիրել մի խումբ պատեհապաշտ անձանց՝ նրանց միջոցով փորձելով աղավաղել ոչ միայն պատմությունը, այլև հասարակության պատմական հիշողությունը։

 

Արդյո՞ք սա մեր ազգային ինքնության, մեր արժեքների ու պատմական գիտակցության հիմնասյուներին հասցվող հերթական համակարգված հարվածը չէ։

 

Արդյո՞ք հանրային կոչվող հեռուստաընկերությունն իրավունք ունի տնօրինել մեր հարկերից գոյացող պետական միջոցները՝ ի վնաս հենց այն հանրության, որի հաշվին գոյություն ունի։

 

Հուսով եմ՝ Հ1-ը կգիտակցի իր պատասխանատվությունը և այն պարզ ճշմարտությունը, որ հանրային եթերը պատկանում է ժողովրդին՝ ոչ թե ընտրյալ շրջանակների խմբագրական կամ քաղաքան ճաշակին։


Մինչև հանրության առաջ չհնչի հրապարակային ներողություն մեր պատմության, հիշողության և արժանապատվության հանդեպ դրսևորված անհարգալից վերաբերմունքի համար, ես` որպես «Հաղթանակ» կուսակցության նախագահ, հրաժարվում եմ մասնակցել Հանրային հեռուստաընկերության որևէ եթերի»։

Վերլուծական