Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մայիսի 18-ին տեղի ունեցած հատուկ ու խորհրդանշական արարողությամբ պաշտոնապես մեկնարկել է նորընտիր Լևոն 14-րդ պապի առաքելությունը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներ ու պետություններ ներկայացնող ավելի քան 150 պատվիրակություն:
Սուրբ պատարագից մեկ ժամ առաջ Լևոն XIV քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակ է դուրս եկել սպիտակ պապոմոբիլով՝ ողջունելով հավաքված հազարավոր հավատացյալներին:
Պատարագին, որը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 10.00-ին, մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ: Հանդիսավոր արարողությանը մասնակցում են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Արարողությանը ներկա էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան ու Արևելյան թեմերի առաջնորդները, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Սուրբ Պետրոս հրապարակում համախմբված հավատացյալների թիվը, ըստ տարբեր տվյալների` հասնում էր 150 հազարի: