Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի տոնն ու ոգին բնութագրել է «գերազանց», որից հետո Մոսկվան և Կիևը «անմիջապես» կսկսեն բանակցություններ հրադադարի և զինադադարի վերաբերյալ։
«Ես հենց նոր ավարտեցի երկու ժամ տևած զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ՝ այն շատ լավ անցավ։ Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և, ավելի կարևորը՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ»,-գրել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ բանակցությունները կսկսվեն «անմիջապես», ինչի մասին Թրամփը հայտնել է արդեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևը պատրաստ են սկսել աշխատանքները ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը, հնարավոր է, ներառի ժամանակավոր հրադադար, սակայն չէր նշել նման աշխատանքների մեկնարկի ամսաթիվը։