Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանիվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին ժամը 17:00-ին Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։
Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ի բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է Հեծանվի համաշխարհային օր, որի շրջանակում նպատակ է դրված խթանելու հեծանվային մշակույթի տարածումը, խրախուսելու առողջ ապրելակերպը և նպաստելու կայուն ու էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների կիրառմանը: