Հետևեք մեզ։

2018 թվականից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել․ Թադևոս Ավետիսյան

17:07, 05 հունիս 2025
2018 թվականից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն` անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին:

Գրառումը՝ ստորև․

2018 թվականից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել

Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։

2018 թ․ առաջին եռամսյակում՝

- մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 61355 դրամ,

- կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 40634 դրամ,

- մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 31350 դրամ,

- պետական պարտքը՝ 6,887 միլիարդ ԱՄՆ դոլար։

2025 թ․ առաջին եռամսյակում՝

- մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 78181 դրամ,

- կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 49567 դրամ,

- մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 33350 դրամ,

- պետական պարտքը՝ 13,581 միլիարդ ԱՄՆ դոլար։

Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը կրկնապատկվել է, իսկ կյանքը թանկացել է ավելի շատ՝ սոցիալապես անապահով հարյուր հազարավոր մեր քաղաքացիների եկամուտների աճերի համեմատ, մասնավորապես՝

- թոշակառուների կյանքը վատացել է առնվազն 5 տոկոսով․ կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 22 տոկոսով, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 27,5 տոկոսով,

- նպաստառու ընտանիքների, այդ թվում՝ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության կյանքը վատացել է առնվազն 21 տոկոսով․ մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափն ավելացել է 6,4 տոկոսով, իսկ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն է աճել 27,5 տոկոսով։

 

Վերլուծական