Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել էին Բաքվի օդանավակայանում, իսկ Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։
Հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներից մի քանիսում եղել են նաև Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիներ։ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ապահովվել է բոլոր ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը։ Նրանց ծառայություններ են մատուցվել միջազգային ավիացիոն օրենսդրությանը համապատասխան։