Հնդկաստանի արևմուտքում Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքից Լոնդոնի Գեթվիք օդանավակայան ուղևորվող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց վթարի է ենթարկվել՝ բախվելով բժշկական քոլեջի շենքին։
Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի 10 անդամ։ Նրանցից միայն մեկը՝ հնդկական ծագումով բրիտանացի քաղաքացին է ողջ է մնացել։
Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։
Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։ Ինքնաթիռն ընկել է բնակելի հատվածում՝ բժիշկների հանրակացարանի վրա։