Իսրայելական բանակը հերքում է Իրանի տարածքում կործանիչ ինքնաթիռի խոցման և իսրայելցի օդաչուի գերի ընկնելու մասին տեղեկությունները:
Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հերքում է այս տեղեկատվությունը», - համապատասխան հարցմանը պատասխանել է նա:
Ավելի վաղ «Նուրնյուզ» գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի զինված ուժերի ցամաքային ուժերը գերի են վերցրել իսրայելցի օդաչուի:
Այս տեղեկատվությունը տարածվել է այն բանից հետո, երբ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հաղորդել էր, որ իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչը: Հունիսի 13-ին բանակի մամուլի ծառայությունը նույնպես հերքել էր Իրանի տարածքում կործանիչ ինքնաթիռի խոցման և իսրայելցի օդաչուի գերի ընկնելու մասին տեղեկությունները:
Նույն օրը ավելի վաղ իրանական «Ֆարս» գործակալությունը հայտարարել էր, որ իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ երկու F-35 կործանիչ: «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խփված իսրայելական կործանիչներից մեկի օդաչուն նույն պահին գերի է ընկել: