Վաղ առավոտյան Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ, ամբողջ երկրում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի կենտրոնական հատվածներում իրանական չորս բալիստիկ հրթիռների հարվածներից զոհվել է 3 մարդ, 74 մարդ հոսպիտալացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Թել Ավիվի մոտակայքում գտնվող Պետահ Տիկվա քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ իրանական հրթիռները հարվածել են 20-հարկանի բնակելի շենքի՝ մեծապես վնասելով 4-րդ և 5-րդ հարկերը։ Ըստ արտակարգ ծառայությունների՝ շենքում, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չկա, սակայն փրկարարներն, այնուամենայնիվ, շարունակում են որոնումները։
Հզոր պայթյուններ են լսվել Թել Ավիվում՝ հավանաբար, Իսրայելի պաշտպանական համակարգերի կողմից իրանական հրթիռների որսման հետևանքով։ Քաղաքի երկնքում սև ծուխ է երևացել։
Իր հերթին, Mehr գործակալությունը հաղորդում է, որ իրանական հրթիռները հարվածներ են հասցրել Հայֆայի էլեկտրակայանին։ Իսրայելական հաղորդումների համաձայն՝ երկրի կենտրոնական շրջաններում էլեկտրական հոսանքի լայնածավալ անջատումներ են տեղի ունեցել։