Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը։
Բացի այդ, վիրավորվել է 1227 մարդ։ Ըստ Իրանի առողջապահական գերատեսչության՝ զոհերի և վիրավորների 90%-ը քաղաքացիական անձինք են։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը հակասում է իսրայելական այն պնդումներին, թե իրականացվել են «ճշգրիտ հարվածներ»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական հարթակում գրել է, որ իսրայելական հարվածների զոհերի թվում կա 70 կին և երեխա։
Իսկ Իրանի կողմից վաղ առավոտյան իրականացված հրթիռակոծության հետևանքով Իսրայելում զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորների թիվը՝ 87-ի, հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 13-ին Իրանի պատասխան հարվածներից Իսրայելում, ընդհանուր առմամբ, զոհվել է 19 մարդ։