ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հետաքրքրություն է հայտնել բանակցությունների նկատմամբ, սակայն, ըստ նրա, Թեհրանը պետք է նման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես գար։
Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Կանանասկիսում (Կանադայի Ալբերտա նահանգ) G7 գագաթնաժողովի շրջանակներում։ «Նրանք կցանկանային բանակցել, բայց պետք է դա անեին մինչև 60 օրվա լրանալը։ Նրանք ունեին 60 օր, և 61-րդ օրը ես ասացի, որ մենք գործարք չունենք։ Նրանք պետք է համաձայնության գան, և դա ցավոտ է երկու կողմերի համար էլ։ Բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում, և նրանք պետք է բանակցեն՝ և դա անեն հիմա, քանի ուշ չէ», - ասել է Թրամփը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ պայմաններ կարող են հանգեցնել ԱՄՆ ռազմական միջամտությանը հակամարտության մեջ, ԱՄՆ նախագահը հրաժարվել է մանրամասներ հաղորդել։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել», - ասել է նա։