Ալեն Սիմոնյանի եղբոր կինը «ուղղակի տեղը» չի ձերբակալվել. սա ոչ թե մենք ենք ասում, այլ, զարմանալիորեն, Ալեն Սիմոնյանն` ինքը։ Հետաքրքիրն այն է, որ օրենքից հեռու, բայց օրենսդիր մարմնի ամենաբարձր աթոռին ծվարած այս մարդը դա ասել է՝ հերքելով ինքն իրեն։
Նա շաբաթներ առաջ իրավապահների տարեկան հաղորդումները քննարկելիս նրանց գրեթե բացահայտ մեղադրում էր, որ մարդկանց «ուղղակի տեղը» ձերբակալում են, որ ցուցմունք կորզեն։
Բոլորս լավ հասկացանք, որ նա կալանքի դեմ ելույթներով հիշեցնում էր եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, ու փաստացի ասում, որ նրան ձերբակալել են, դրա համար է ցուցմունք տվել…։
Ի դեպ, ճիշտ է ասում, ինչո՞ւ ձերբակալեցին այդ կնոջը, չձերբակալեին, որ նա կարողանար թաքնվել ու անպատիժ մնալ…
Դե բոլորս ենք լավ հասկանում, որ ԱԺ նախագահ է աշխատում փողոցային վազքի մանկական մրցույթում հասուն տարիքում նույնիսկ վերջին տեղը գրաված մեկը, ով խնդիր չունի կեղծավոր երևալ-չերևալու հարցում ու կարող է հայտարարել որ ձերբակալությունները «ուղղակի են», երբ դա վերաբերում է թալանի գործով անցնող ու էլի լիքը բաների մասնագետ իր եղբոր կնոջը, ապա անմիջապես հետո, երբ դա վերաբերվում է ոչ մի արատավոր բան չարած Սամվել Կարապետյանին, հայտարարել, որ ոչ ոք ուղղակի չի ձերբակալվում:
Բայց այս ոճի մեջ է նաև նրա ու բոլոր նրա նմանների ղեկավարը, ով ժամերի տարբերությամբ քարոզում է օրինականություն ու անում ուղիղ դրա հակառակը:
Չեմ կարծում թե նա լավ չի հասկանում, որ բոլորը գիտեն՝ ինքը պատվիրատու է Սամվել Կարապետյանի գործով: Բայց եթե բոլոր հանցագործ ղեկավարները միշտ այնպես են անում ապօրինությունը, որ կարողանան վերջում չքմեղանալ, օրենքի անունը տալով այն խախտող Նիկոլ Փաշինյանը դա անում է բացահայտ։ Նա երեկ բացեիբաց հայտարարեց որ հետապնդում է պատվիրելու և արեց՝ հավանաբար հեշտացնելու համար, որ վաղը դժվար չլինի գտնել այս անօրինության պատասխանատուին: