Հետևեք մեզ։

ՀԷՑ-ի բոլոր այն աշխատակիցները, ովքեր այժմ մասնակից են մարդկանց ցուցադրաբար պարտադրանքի ենթարկելուն, կհեռացվեն աշխատանքից․ Փաշինյան

15:30, 18 հունիս 2025
ՀԷՑ-ի բոլոր այն աշխատակիցները, ովքեր այժմ մասնակից են մարդկանց ցուցադրաբար պարտադրանքի ենթարկելուն, կհեռացվեն աշխատանքից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է լուրերին, ըստ որոնց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) աշխատակիցներին ստիպողաբար բերում են դատարանի մոտ՝ աջակցություն ցուցաբերելու Սամվել Կարապետյանին։ Վարչապետը դա գնահատել է որպես հանցագործություն՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինները պարտավոր են համապատասխան արձագանք տալ։

Նա հիշեցրել է 2021 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցածը, երբ որոշ աշխատակիցներ պարտադրանքով տարվել էին հանրահավաքների։ Փաշինյանի խոսքով՝ այդ մարդիկ հետագայում ազատվել են աշխատանքից, իսկ նրանցից շատերը այժմ դիմում են կառավարությանը՝ ընդունելով իրենց սխալը և փորձելով վերադառնալ։

Վարչապետը հայտարարել է, որ առաջիկայում ՀԷՑ-ը կդառնա պետական սեփականություն։ Նա նշել է, որ բոլոր այն աշխատակիցները, ովքեր այժմ մասնակից են մարդկանց ցուցադրաբար պարտադրանքի ենթարկելուն, կհեռացվեն աշխատանքից։ Միաժամանակ ընդգծել է, որ նրանք, ովքեր կհրաժարվեն մասնակցել նման գործընթացներին կամ կհամագործակցեն իրավապահների հետ՝ տալով ցուցմունքներ, կպաշտպանվեն և խրախուսում կստանան։

Փաշինյանը նաև զգուշացրել է, որ ապօրինի գործողություններ իրականացնողները չեն խնայվելու, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են մասնակցել, չեն վնասվի և կշարունակեն իրենց աշխատանքը պետականացումից հետո։ Վարչապետը կասկածի տակ է դրել, թե ապօրինությունների մասնակցածները նույնիսկ «Տաշիր պիցցա»-ում կկարողանան աշխատանքի ընդունվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները