Հետևեք մեզ։

Ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հնչել են անընդունելի կոչեր, ռուս գործընկերներին տեղեկացրել ենք. Միրզոյան

19:32, 18 հունիս 2025
Ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հնչել են անընդունելի կոչեր, ռուս գործընկերներին տեղեկացրել ենք. Միրզոյան

Նախարար Միրզոյանն այսօր ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին: 

 Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՌԴ-ին ուղղած դժգոհությանը և համապատասխանաբար ներկայացված հայտագրին:

 

-Ամբողջ գիշեր Ռուսաստանի պաշտոնական խոսափողները չքնեցին և իրար հերթ չտալով` իրենց աջակցությունը հայտնեցին իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին։ Իհարկե, մենք սրա մեջ խնդիր չենք տեսնում մինչև այն կետը, երբ որ այդ աջակցության տեքստերում կոչ էր արվում Հայաստանում ներքին քաղաքական կյանքին խառնվելու: Ինձ հետաքրքիր է, պարոն Միրզոյան, արդյո՞ք հասցրել եք շփվել ռուսաստանյան Ձեր գործընկերների հետ և փոխանցել անհանգստությունը, եթե ոչ զայրույթը:


-Իսկապես, երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված այդ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում` անձնական բնույթի, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարության նկատմամբ: 


Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաև ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ և՛ խորհրդարանի պատգամավորների, և՛ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին։ Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները