Հետևեք մեզ։

Այսօրվա կտրվածքով օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվն արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման․ ՆԳ նախարար

10:42, 20 հունիս 2025
Այսօրվա կտրվածքով օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվն արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման․ ՆԳ նախարար
Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։
 
ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։
Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։
 
2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։
 
Հերթագրման համակարգում սպասում է 52 160 քաղաքացի, որից 40 645-ը՝ Երևանում:
2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161 000 անձ։ Սա երկուսուկես անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից․
ստացվում է, որ 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։
 
«Նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք մեզ թույլ կտային թողունակությունը ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության և կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Այսօրվա կտրվածքով օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվն արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, քանի որ ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի և բարձրացնել թողունակությունը»,-նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Վերլուծական