Կառավարությունը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում հողամաս է հատկացնում «Թումոն տուփի մեջ» ծրագիրն իրականացնելու նպատակով։ Հունիսի 20-ի ՀՀ կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։
Նախարարը նշեց, որ Շահումյան փողոց 12 հասցեում գտնվող 0.75194 հա ընդհանուր մակերեսից 0.06254 հա հողամասը, որն այս պահին օգտագործում է Եղեգնաձորի վարժարանը, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին։
«Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում։ Կառույցները ցանկացած պահի կարող են ապամոնտաժվել և տեղափոխվել»,-ասաց Խուդաթյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ «Թումոն տուփի մեջ» ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ կրթությունը դարձնել հասանելի Հայաստանի տարբեր համայնքներում։