Հետևեք մեզ։

Սահմաններն անցածը` հատակից անդին...

18:12, 21 հունիս 2025
Սահմաններն անցածը` հատակից անդին...
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանի մոտ լավ է ստացվում, և կարելի է ասել՝ բոլորից ավելի լավ է ստացվում, կեղծ փիլիսոփայությունն է։ Նա հիմնականում հենց այդպես՝ բովանդակությամբ հնչեղ, բայց իր համար խորթ գաղափարներով է բացատրում սեփական կործանարար սխալները։ Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նա իր «Արցախը Հայաստան է և վերջ» կործանարար հայտարարությունը բացատրել է հայրենասիրությամբ, ինչպես հասկանում ենք դրա սխալ մոդելով ու հայտարարել է, որ այսուհետ մենք մեր սահմանները պետք է իմանանք։ 
 
 
Թեև Արցախի հայկական պատկանելության մասին այդ խոսքը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է ոչ թե հայրենասիրությամբ, այլ հերթական ղժղժոցի ժամանակ մարդկանց էմոցիաների հետ խաղալու համար՝ ձևացնելով, թե իբր ինքը մեր հերոսների պատգամի տերն է, բայց այստեղ էականը Նիկոլ Փաշինյանի սահմանների հարցն է։
 
 
Սահմա՞ն, գուցե խորհուրդ տանք այլ բան ընտրել: Ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը սահմանների հետ, երբ նա անսահման գռեհիկ է հանրային ելույթներում, երբ նրա լեքսիկոնը ոչ միայն քաղաքական գործչի ու պետության ղեկավարի, այլ նաև տղամարդու սահմաններն է հատել։  
 
 
Նիկոլ Փաշինյանը բոլորի աչքի առաջ այն աստիճան է հատել անլրջության սահմանները, որ զարմանում ես, թե ինչու է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալը նեղություն քաշել ու դիմավորել նրան:
 
 
Բայց Փաշինյանի ամենամեծ խնդիրն այն է, որ նա վաղուց հատել է հատակն իջնելու, ցածր մակարդակի, կենցաղայնության, էմոցիայի ու էլի շատ բաների սահմանը։
 
 
Նա լրջագույնս հատել է ապօրինությունների սահմանը և հատել է բացահայտ։  Երբ հերթական անգամ ասուլիս հրավիրի ու հարցեր տանք, նույն կերպ սկզբից կկմկմա, կփիլիսոփայի՝ փորձելով պարզ հարցը կտուրը գցել, ապա հրապարակային կստի այս հարցերի մասին։ 
 
 
Հրահանգե՞լ եք ամեն կերպ, թեկուզ անհիմն, ձերբակալել Սամվել Կարապետյանին ու նկարահանել դա, հրահանգե՞լ եք ապօրինի մեղադրանքի ներգրավել նրան, դա արել եք հուզված ու Կարապետյանի ելույթից բարկացած վիճակում՝ թքած ունենալով օրենքի վրա, անձամբ կարծո՞ւմ եք, որ Սամվել Կարապետյանի ելույթը հանցանք էր, վախենու՞մ եք Սամվել Կարապետյանի հեղինակությունից, ֆեյսբուքյան գրառումները, որոնցով սպառնում էիք Սամվել Կարապետյանին,  դիմակավորներ ուղարկելուց հետո «դե դուրս արի» էիք գոռում, հատո՞ւմ են մանկամտության սահմանները: 
 
 
Բայց չէ, մի անհանգստացեք, այս հարցերի պատասխանները դուք տվել եք արդեն, ու դուք դրանց համար պատասխան եք տալու առանց հարցերի:
 
 
Հարց ասացի, հիշեցի… ի դեպ, Սամվել Կարապետյանին ձերբակալած, կալանավորած ձեր հպատակները սահմաններ ունե՞ն, թե՞ ամեն տեղ են առանց սահմանների, ի դեպ՝ ձեր` վերջերս հայտնի, «դոմփվելու» լեքսիկոնը նրանցից ոմանց վերաբերվո՞ւմ է, թե չե՞ք ճշտել...
 
 
Գիտե՞ք, պարոն Փաշինյան, ձեր ապօրինի հրահանգները սիրով կատարողներին խորհուրդ տվեք լոգանք ընդունել։ Դա նրանցից ոմանց վաղուց չէր խանգարի զուտ հիգիենիկ նկատառումներով, դե իսկ շուտով դա նրանց շատ պետք կգա։
 
 
Իսկ Ձեզ կարելի է խորհուրդ տալ արդեն միանալ Ալեն Սիմոնյանին ու վազել սովորել…