Հետևեք մեզ։

Ընդդիմությունը հաճելիորեն կարող է զարմանալ, որ պլան ունի․ պարզունակ սխեմա՝ երևացող առանց կլորավուն ակնոցի

19:58, 24 հունիս 2025
Ընդդիմությունը հաճելիորեն կարող է զարմանալ, որ պլան ունի․ պարզունակ սխեմա՝ երևացող առանց կլորավուն ակնոցի

Իշխանության գործունեությանը ծանոթ մարդիկ կամ դրան մի փոքր ուշադիր հետևողները  շատ պարզ հասկանում են, թե ինչպես են հարուցվում որոշ քրեական վարույթները, ինչպես և հատկապես որ կառույցի հետ է համագործակցում իշխանամետ Civiс.am-ը։ 

Դա պարզունակ, առանց կլորավուն ակնոցի երևացող անթաքույց խողովակ է։ Օրինակ, եթե ինչ-որ վարույթ է ուզում իշխանությունը, հորինում են սցենարը, կարող են տալ նշված լրատվամիջոցին, որպես հրապարակում էլ սկսում են ուսումնասիրել, ուղարկել այստեղ կամ այնտեղ, իբր իրենք խելացի են, մյուսներն էլ ոչինչ չեն հասկանում։ 

Այսօր այդ բեմականացման հերթական արարն է․ իբր Սիվիկը բան է գտել, դատախազությունն ուսումնասիրում է, և որ ամենամեծ անակնկալն է՝ ընդդիմությունը հեղաշրջման պլան ունի։

Այս ամենից երևի հաճելիորեն զարմացել ու իրեն լավ է զգացել ընդդիմությունը, որ նման լուրջ վերաբերմունք կա իր նկատմամբ։ Ինչպես նշում են նաև սոցցանցերում՝ անակնկալի է եկել ընդդիմությունը, երբ պարզել է, որ պլան ունի։

Իհարկե, Սամվել Կարապետյանի վարույթից հետո այս սխեման քրեական վարույթ հարուցելու լուրջ հիմք կարող է ունենալ, բայց այստեղ հարցն այլ է։

Այդ անլուրջ պլանը, որը իշխանությունը վերնագրել է՝ ընդդիմության հեղաշրջման պլան, մի փոքր նման չէ՞ Փաշինյանի՝ 2018-ին իրականացրած պլանին,  արդյոք չի՞ հիշեցնում նրա քայլերթի պլանը, գործիքակազմը և այլն։

Այս ամենից զատ էլ, իսկ այդ անհայտ հեղինակ պլանում ո՞ր արարքն է քրեորեն պատժելի։ Նշեմ, որ վերնագիրը իշխանականներին է։ Իսկ եթե այդ անհասցե պլանում քրեորեն պատժելի արարք կա, միգուցե հասնել է պետք 2018-ի հեղափոխականներին ևս։

Ի վերջո, բացառված չէ, որ իշխանամետ լրատվամիջոցի վերնագիրը իրավապահ մի որևէ կառույց է մտածել, հենց այդ վերնագիրն իրեն հիմք ծառայեցնելու համար։ Մյուս կողմից, կարող էին այդքան չխորանալ, ի վերջո, Հայաստանում մասնակցել բառը կիրառելու համար մարդ կա կալանավորված։

Բա տեսեք ինչ «լուրջ հիմք» է Սիվիկի վերնագիրն ու վարչապետի տարածած «Հեղաշրջման պլանը»։