Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված կկայացնի վերջնական որոշումներ, եթե կազմակերպության անդամ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը հանդես չգան քաղաքական հայտարարություններով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիայի առնչությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«ՀԱՊԿ-ի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլև ուղիղ տեքստով ասում ենք, որ այսպես երկար չի կարող մնալ։ Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնությունը, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ»,-հայտարարել է Վահան Կոստանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կարող է Հայաստանը որոշում կայացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ փոխնախարարը նշել է, որ Երևանն ինքը կորոշի դրա ժամանակն ու այդ քայլը կատարելու պատեհությունը։
«Հայաստանի Հանրապետությունը, լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս կամ այն քայլը կատարելու համար»,-շեշտել է ԱԳ նախարարի տեղակալը։
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը՝ Կոստանյանը հիշեցրել է, որ Երևանը շարունակում է լինել Եվրասիական տնտեսական միության անդամ և շարունակում է խորացնել իր հարաբերություններն այդ կառույցի շրջանակներում։
Հայաստանը ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը սառեցրել է 2024 թվականի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չցուցաբերեց իր անդամ երկրին։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել կառույցի շրջանակներում անցկացվող միջոցառումներին ու զորավարժություններին։