Հունիսի 13-ից Իրանում և Իսրայելում զարգացումների հետևանքով զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ չեն եղել:
Այս մասին Hayastan.news-ին տեղեկացրեցին ԱԳՆ-ից։
«ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ տեղափոխվելու առնչությամբ դիմումներ եղել են, երկու երկրներում ՀՀ դեսպանությունները տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ վերջին երկու օրերի ընթացքում զանգերի, դիմումների քանակը հասկանալիորեն էականորեն նվազել է»,- հայտնեցին ԱԳՆ-ից:
Հիշեցնենք՝ Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։