Հետևեք մեզ։

Աջապահյանին ներկայացնելու են դատարան` կալանքի, քաղաքացիները թույլ չեն տվել. այդ փաստի առթիվ ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել

14:39, 27 հունիս 2025
Աջապահյանին ներկայացնելու են դատարան` կալանքի, քաղաքացիները թույլ չեն տվել. այդ փաստի առթիվ ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: 

 

Այդ կապակցությամբ 2025 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: 

 

Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից։