Ճիշտ է՝ որոշվել էր Ձեզ այլևս նամակ չգրել, բայց շատ հարցեր կան, որոնք բոլորը հնարավոր չէ Ձեր ասուլիսների ժամանակ տալ։
Ձեզ հետ «զրույցը» թեև անարդյունք է, բայց «ստացվում է» ու նաև հարցեր կան, որոնք, Ձեզնից բացի, ոչ ոքի տալ հնարավոր չէ։
Պարոն Փաշինյան, որպեսզի չկարծեք, թե քննադատվում եք անխնա՝ չտեսնելով ճիշտն ու դրականը, հարցերն այսպիսի հերթականությամբ կդասավորվեն․․․
Ինչու՞ չկալանավորվեց կոռուպցիայի մեջ մեղադրվող Սամվել Դարբինյանը, որը չնայած տարիներ շարունակված խոսակցություններին (ըստ քրեական գործի՝ ոչ անհիմն) զբաղված էր կոռուպցիայով, բայց շարունակում էր քաղաքապետ լինել։ Չե՞ք հանձնարարել կալանավորել, արդյոք համաչա՞փ է, որ նա չկալանավորվեց, իսկ հոգևորականներն ու բարեգործ Սամվել Կարապետյանը կալանավորվեցին իրենց 2 խոսքի համար։ Չափազանց անընկալելի է, վստահեցնում եմ, անընկալելի ու անընդունելի, որովհետև թացը չորի հետ է խառնվել քաղաքական պատճառներով, որոնք մարդիկ շատ լավ էլ հասկանում են, որոնք մի օր լցնելու են համբերության բաժակն ու օգտագործվեն Ձեր դեմ։
Ինչո՞ւ չազատել այս մարդկանց ու չզրուցել նրանց հետ, հատկապես որ նրանց արածն էլ զրույցն է: Նույնիսկ եթե նրանց որևէ խոսք Ձեզ վիրավորել է մեր չիմացած որևէ պատճառով, Ձեր հրապարակային վիրավորանքները ավելի լարելու են համազգային դարձած այս հարցը, ինչո՞ւ չնստել դեմ առ դեմ ու չասել նրանց անկեղծն ու չլսել նույնը։
Հաջորդ հարցը, որ վերջին օրերին առաջացավ, այն է, թե արդյոք Ձեզ ժապավեն կտրողի, սրա նրա հետ հանդիպողի ու ֆուրշետ ուտողի և դրանով աշխատանք ձևացնողի ու սեփական չգոյությունը թաքցնողի հաստիք պետք չէ՝ բարձր, ասենք, գլխավոր դատախազին հավասար աշխատավարձով:
Մի անգամ այնքան էլ անկեղծ չպատասխանեցիք Ձեր տիկնոջ ու վերջերս իր գործերը թողած անհասկանալի լաբորատորիաներ բացող, նույնն է, թե հավաբներ փակող Աննա Վարդապետյանի մտերմության մասին հարցին։ Ուզում եք ասել, որ Ձեզ դո՞ւր է գալիս, որ այդ անձը, ով պետք է ժամանակ չունենար այս հակասական ու հաճախ ակնհայտ անօրինական իրավական գործընթացների ընթացքում, էլի ու էլի միայն վարպետաց դասեր է տալիս։ Որևէ մեկն, իհարկե, վշտացած չէ, որ Դուք դեռ չգիտեք, թե նա հատկապես ինչ վարպետական շնորհ ունի, քանի որ դեռ հաստատ կհասցնեք ծանոթանալ, բայց այդ տիկնոջը բացատրեք գոնե, որ մուկ տշելն ու դրանով ինքնագովազդվելը հենց այն նույն օրը, երբ կալանավորեցիք Միքայել Սրբազանին, Ձեր` Նիկոլ Փաշինյանի հակագովազդն են ու նրա` որպես դատախազ, չգոյության ապացույցը…
Hayastan.news