ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։
Այս ամենին ասուլիսում անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․
«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է «Իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ ․․․սա Հայաստանի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը»։
Շատ ճիշտ է ասել Արարատ Միրզոյանը, բայց ազնիվ չէ Միրզոյանը, ՔՊ-ն, Միրզոյանի քաղաքական ղեկավար Փաշինյանը։
Իսկ Մակրոնին կարելի՞ է խառնվել ՀՀ ներքին գործերին, թե՞ եթե իշխանական տեսակետով են խառնվում, կարելի է խառնվել ՀՀ ներքին գործերին, իսկ եթե ոչ ՔՊ-ական տեսակետ է, դա դառնում է ներքին գործ։
Ուսուցչական ապտակ ստացած Մարկոնը երեկ հայտնել էր․ «Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի»։ Իսկ չե՞ք ասելու՝ ձեզ ինչ մեր ներքին գործերը, որ բնութագիր ես տալիս, ավելի ճիշտ չի՞ Մակրոնին դաս տալ համերաշխություն հայտնել անձամբ իր ներքին գործերին։ Իսկ ինչու՞ է ՀՀ ներքին գործերին խառնվող Մակրոնին Փաշինյանն ասում՝ շնորհակալություն, իսկ մեկ այլ դեպքում դա ներքին գործ է։
Ներքին գործը մնում է ներքին գործ, հետևաբար եթե ՀՀ իշխանության նպատակը ներքին գործերին խառնվել թույլ չտալն է, ապա նույնը պետք է վերաբերի Ֆրանսիայի նախագահին։