Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվել է և ավելի ամբողջական է դարձել, որպեսզի կարողանան լուծել այն խնդիրները, որոնք ի սկզբանե նախատեսված էին լուծել նախագծով:
«Եվս մեկ անգամ հիշեցնեմ՝ քանի որ խոսվում էր կոլեգիալության մասին, կոլեգիալության գործառույթները պահպանվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որովհետև վարույթի, ըստ էության, ճակատագիրը, այսինքն՝ վերջնական որոշումը, կայացնելու է հանձնաժողովը: Խոսքը կանխարգելիչ միջոցառումների մասին է, որոնք պետք է կիրառվեն ընթացքում»,- պարզաբանեց պատգամավորը:
«Որևիցե սահմանափակում օրենսդրական նախաձեռնության՝ այլ սուբյեկտների համար, այդ թվում՝ Ձեզ համար, չի եղել, և դրա վկայությունն է այն, որ Դուք ներկայացրել եք համապատասխան առաջարկներ: Իհարկե, առաջարկը հանգում էր հետևյալին. չքննարկել նախագիծը»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
Ինչ վերաբերում է Մինասյանի հարցին, թե ում է վերաբերում այս փոփոխությունը, ո՞ր սուբյեկտներին, իշխող խմբակցության պատգամավորը պարզաբանեց՝ խոսքը ոչ միայն ՀԷՑ-ին է վերաբերում, այլ էներգետիկայի ոլորտի բոլոր՝ անկյունաքարային դերակատարություն իրականացնող սուբյեկտներին:
Ինչ վերաբերում է սահմանադրականության վերաբերյալ Մինասյանի դիտարկումներին, նշեց՝ սահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնում է Սահմանադրական դատարանը:
«Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության հետ խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի, եթե դուք գտնում եք, որ սահմանադրականության հետ խնդիր կա, իրավասու եք ձեր սահմանադրական լիազորությունների շրջանակում իրականացնել համապատասխան գործընթացներ»,- ասաց Վարդանյանը: