Երեք ժամից ավելի է` ոստիկաններն ու փրկարարները որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային: Այս մասին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանությունից:
Հիշեցնենք՝ shamshyan.com-ը հայտնել է, որ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։
Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեծ թվով փրկարարներ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները օգտագործում են նաև հատուկ դրոններ։
Որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ։
Երեխայի մայրը նշել է, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են և ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը քաշել ու այլևս չի տեսել։
Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, այդտեղ չի հայտնաբերվել։
Հանգստյան գոտուն հարակից կա դեռ սովետական տարիներից հայտնի Արտաշատի Ստալինյան ջրանցքը, որտեղով ջրի հոսքն այս պահին նույնպես փորձում են դադարեցնել, որպեսզի այդ հատվածում նույնպես որոնողական աշխատանքներ կատարեն։
Որոնողական աշխատանքներին ներգրավվելու համար Երևանից ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներւց 4 մարտական հաշվարկ՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և ջրասուզակները։
Ժամանել են նաև ոստիկանության և փրկարար ծառայության կինոլոգները։