ԱՄՆ-ն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը՝ երկու կովկասյան երկրների միջև երկար ժամանակ ձգձգված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու նպատակով, ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում է Middle East Eye-ը։
Պարբերականը շարունակում է՝ չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։
«Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխի իր սահմանադրությունը՝ այլ պայմանների հետ մեկտեղ հեռացնելով Ադրբեջանի տարածքի մասին հղումները։
Հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։
Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն ունի իրրեդենտիստական ենթատեքստ ինքնիշխան հայկական տարածքի՝ Սյունիքի վրա։
Ադրբեջանը պնդել է, որ միջանցքը չպետք է դրվի Հայաստանի լիակատար վերահսկողության տակ՝ մտահոգություն հայտնելով, որ Երևանին չի կարելի վստահել անարգել մուտքի երաշխիքի հարցում։
Նմանապես, Հայաստանը կտրականապես դեմ է երթուղու վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։
32 կմ երկարությամբ միջանցքը դարձել է էական խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։
«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա մանրուք չէ։ Այն ձգձգվել է տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ», - լրագրողներին ասել է Բարաքը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Այսպիսով, տեղի է ունենում, որ Ամերիկան միջամտում է և ասում. «Լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհը հարյուր տարվա վարձակալության պայմանագրով, և դուք բոլորդ կարող եք կիսել այն»։
Սկզբում Թուրքիան առաջարկել է այս գաղափարը։ Բարաքի մեկնաբանությունները առաջին պաշտոնական հաստատումն են այն մասին, որ Թրամփի վարչակազմը առաջարկել է կառավարել միջանցքը ԱՄՆ մասնավոր առևտրային օպերատորի միջոցով, որը կծառայի որպես չեզոք երաշխավոր։
«Քարնեգի» հիմնադրամի վերջերս հրապարակված զեկույցում ենթադրվում է, որ ծրագիրը մոդելավորված է Եվրամիության ավելի վաղ արված առաջարկի հիման վրա, որը նախատեսում է ԱՄՆ լոգիստիկ ընկերությանը հանձնարարել կառավարել և վերահսկել բեռների տարանցումը երթուղու երկայնքով՝ թափանցիկ կերպով տվյալներ փոխանցելով բոլոր կողմերին»,-գրում է Middle East Eye-ը։
Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին ասել է, որ հենց Թուրքիան է սկզբնապես առաջարկել միջանցքը կառավարելու գաղափարը, որը հաստատվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից։
«Այնուամենայնիվ, հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունը աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչը անընդունելի էր Բաքվի համար», - ասել է աղբյուրը։