Հետևեք մեզ։

Դատապարտում ենք դատախազության հայցը՝ Արցախի ներկայացուցչության շենքի հետ վերցնելու նպատակով. հայտարարություն

16:05, 17 հուլիս 2025
Դատապարտում ենք դատախազության հայցը՝  Արցախի ներկայացուցչության շենքի հետ վերցնելու նպատակով. հայտարարություն

Արցախի պետական ինստիտուտների գոյության և շարունակականության կարևորությունը մեզ համար անսակարկելի արժեք և կարևոր նպատակ է։ Մենք խորապես կարևորում ենք Արցախի մշտական ներկայացուցչության շենքի պահպանությունը Երևանում և վստահեցնում ենք, որ շարունակելու ենք անել ամեն հնարավորը պետական ինստիտուտների ու Ներկայացուցչության շենքի պահպանման ուղղությամբ՝ անկախ այդ շենքից մեր գրասենյակը հանելու վերաբերյալ որոշումից։

 

Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա, ինչպես արդեն իսկ հայտարարվել է, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել այս փուլում դադարեցնել փողոցային պայքարը։ Խորհուրդը նախատեսում է՝

 

  1. Վերակազմավորում, ինչը ենթադրում է թե՛ կառուցվածքային, թե՛ ռազմավարական վերանայում։
  2. Համագործակցություն արցախահայության իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կառույցների հետ։
  3. Մարզային այցելությունների շարունակություն և տեղերում ԱԻՊ Խորհրդի մարզային թիմերի ձևավորում։

 

Այս որոշումները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ երկրում առկա ներքաղաքական իրավիճակով և ՀՀ կառավարության որդեգրած դիրքորոշումներով, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան առնչվող զարգացումների վրա:

 

Խորհուրդն ամիսներ շարունակ գործադրել է ջանքեր Արցախի ժողովրդի իրավունքների և Արցախ վերադարձի հարցերի շուրջ համահայկական օրակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ցավոք, այդ նախաձեռնությունը լայն արձագանք չստացավ։ Չհաջողվեց ստանալ համապատասխան աջակցություն ո՛չ ՀՀ, ո՛չ էլ ԱՀ քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև մտավորական և հանրային ակտիվ շրջանակներից։

 

Խորհուրդը՝ դադարեցնելով բանակցությունները ՀՀ կառավարության հետ և նախաձեռնելով հանրահավաք, բախվեց ուժեղացված ճնշումների։ Հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ կիրառվեցին մի շարք խոչընդոտներ՝ սկսած Խորհրդի անդամների դեմ բռնաճնշումներից, Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում կենտրոնացված մեծաքանակ ոստիկանական ուժերից, մինչև երթի անցկացման անօրինական արգելքը։ Բացի այդ, արձանագրվեցին խափանման դեպքեր, երբ մարզերից Երևան ժամանող մեր հայրենակիցների մասնակցությունն արհեստականորեն խոչընդոտվեց։


Այնուամենայնիվ, Խորհուրդը հավատում է, որ անգամ այս բարդ փուլում մեր միասնական ջանքերը կարող են ապահովել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ պետական ինստիտուտների պահպանումը: Ուստի, չնայած առկա մարտահրավերներին ու դժվարություններին, մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ չբացառելով համագործակցությունը բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի հետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները