Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
«Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ), միջազգային իրավունքի շրջանակներում և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման նպատակով։
Մեկնաբանելով Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ կազմված երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը հստակ ուղերձ է վարչակազմին. տևական խաղաղության հասնելու ցանկացած ուղին պետք է սկսվի Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմամբ, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ։ Մենք երախտապարտ ենք հայկական հարցերով խմբի ղեկավարությանը և բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կանգնեցին վերադարձի ու արդարության սկզբունքի կողքին՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շրջանակում»։