Հայաստանի տնտեսական աճը մայիսին գրեթե կրկնապատկվել է ապրիլի համեմատ, զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մայիսին աճել են 19.5 տոկոսով՝ պայմանավորված Ռուսաստանից ներհոսքերով, գնաճը հունիսին մեղմացել է մինչև 3.9 տոկոս, թե’ ներմուծումը, թե’ արտահանումը շարունակել են նվազել, առևտրային բանկերի ավանդների և վարկերի առողջ աճը մայիսին պահպանվել է, բյուջեում մայիսին գրանցվել է ՀՆԱ-ի 0.8 տոկոսի պակասուրդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալները ներկայացված են Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում, որն անդրադառնում է մայիս և հունիս ամիսների տնտեսական դինամիկայի վերլուծությանը։
Ըստ ամփոփագրի՝ տնտեսական ակտիվության աճը մայիսին հասել է 10.4 տոկոսի (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ բարձրանալով ապրիլի 5.4 տոկոսից (տ/տ)։ Աճի՝ հունվար-մայիս ժամանակահատվածի աճողական ցուցանիշը բարձրացել է մինչև 5.7 տոկոս (տ/տ)։ Մայիսին աճի ավելի արագ տեմպը պայմանավորված է եղել շինարարության (մինչև 22.2 տոկոս, տ/տ) և ծառայությունների, առանց առևտրի, աճի ավելի բարձր տեմպերով (10.8 տոկոս աճ, տ/տ, մայիսին՝ համեմատած ապրիլի 5.6 տոկոսի հետ, տ/տ)։ Արդյունաբերության ծավալները շարունակել են կրճատվել՝ նվազելով 5.9 տոկոսով (տ/տ), սակայն ապրիլից պակաս չափով՝ հանքարդյունաբերության ոլորտի աճի՝ մինչև 17.9 տոկոս (տ/տ) թափ հավաքելուն զուգահեռ։ Մշակող արդյունաբերության աճը ևս շարունակվել է՝ նվազելով 13.5 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ալկոհոլային խմիչքների արտադրության 9 տոկոսով (տ/տ) նվազմամբ և գունավոր մետաղների արտադրության ծավալների շուրջ 70 տոկոսով կրճատմամբ (հաջորդելով 2024 թվականի թողարկման բացառիկ բարձր ծավալներին)։
«Իրավաբանական անձանց ամսական գրանցումների թվաքանակը մայիսին շարունակեց նվազել (6.9 տոկոս, տ/տ)՝ պայմանավորված անհատ ձեռնարկատերերի գրանցման ցուցանիշի 7.6 տոկոսով (տ/տ) և ՍՊԸ-ների՝ 4.7 տոկոսով (տ/տ) նվազմամբ։
Մայիսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների բարձր աճը պահպանվեց՝ կազմելով 19.5 տոկոս (տ/տ)։ Ռուսաստանից զուտ ներհոսքերի տեմպի արագացմամբ (ընդլայնվելով 48.3 տոկոսով, տ/տ) էր պայմանավորված ընդհանուր աճի գրեթե մեկ հինգերրորդը, իսկ Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերը մի փոքր նվազեցին։
Հունիսին գնաճը մեղմացավ մինչև 3.9 տոկոս՝ նվազելով մայիսի 4.3 տոկոսից։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների (6.2 տոկոս) գնաճը շարունակեց մեծացնել գնային ճնշումները։ Կրթության գնաճը ևս բարձր պահպանվեց (7.8 տոկոս)։ 2025 թ. հունիսի 17-ին ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս թողեց, եզրակացնելով, որ վերաֆինանսավորման ընթացիկ տոկոսադրույքը նպատակահարմար է միջնաժամկետ հատվածում գնաճն իր 3 տոկոսի թիրախին մոտ պահելու համար», - հայտնում են Համաշխարհային բանկից։
Ըստ աղբյուրի՝ մայիսին թե’ արտահանումը, թե’ ներմուծումը նվազել են, թեև ավելի դանդաղ, շարունակելով վերաարտահանման փուլային դադարեցման միտումը։ «Արտահանման ծավալները մայիսին 39.3 տոկոսով (տ/տ) կրճատվեցին, ինչը պակաս էր ապրիլի 56.6 տոկոսով (տ/տ) անկումից։ Ներմուծման ծավալները ևս նվազեցին 20.4 տոկոսով (տ/տ)՝ հետևելով ապրիլի 41.1 տոկոսով (տ/տ) անկմանը։ Նշվածն արտացոլում էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանմամբ առևտրի թուլացումը։ Մայիսին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը նվազեց 69.2 տոկոսով (տ/տ) և ընդհանուր արտահանման ցուցանիշի իջնելու առաջնային պատճառն էր։ Տրանսպորտային միջոցների արտահանումը նույնպես նվազեց (70.7 տոկոս, տ/տ)։ Ավանդական արտահանման կառուցվածքում պատրաստի սննդամթերքը (աճը 21 տոկոս, տ/տ), տեքստիլը (աճը 55.2 տոկոս, տ/տ) և հանքանյութերը (աճը 14.2 տոկոս, տ/տ) գլխավոր ապրանքատեսակներն էին, որոնք նպաստեցին արտահանման նշանակալի անկման աննշան չեզոքացմանը։
Ներմուծվող ապրանքների կազմում թանկարժեք մետաղների 61.4 տոկոսով (տ/տ) նվազումը մասամբ փոխհատուցվեց գյուղատնտեսական մթերքի (աճը 54 տոկոս, տ/տ), յուղերի (աճը 37 տոկոս, տ/տ) և պատրաստի սննդամթերքի (աճը 35 տոկոս) աճի հաշվին։ Առանց թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանմամբ առևտրի՝ արտահանումն ու ներմուծումը աճեցին համապատասխանաբար 9.2 տոկոսով (տ/տ) և 14.3 տոկոսով (տ/տ)։ Աճողական կտրվածքով՝ հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում արտահանումն ու ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 57.4 տոկոսով (տ/տ) և 42 տոկոսով (տ/տ), ընդ որում առևտրային դեֆիցիտը ընդլայնվեց 39.8 տոկոսով (տ/տ) մինչև ՀՆԱ-ի 7 տոկոսը՝ բարձրանալով 2024 թվականի ՀՆԱ-ի 5 տոկոսից։ Հունիսին համախառն միջազգային պահուստներն աճեցին 145 միլիոն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 4 միլիարդ ԱՄՆ դոլար, որը համարժեք է 3.1 ամսվա ներմուծման ծածկույթի»,- նշում են ՀԲ փորձագետները։
Նրանց համաձայն՝ հունիսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվել է՝ մնալով ավելի ուժեղ, քան 2024 թվականի հունիսին։ ՀՀ դրամն արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ 0.1 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը նախորդ ամսվա նկատմամբ) և եվրոյի նկատմամբ 3.7 տոկոսով (ա/ա)։ Սակայն 2025 թվականի սկզբից ի վեր դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 3 տոկոսով։
«Մայիսին առևտրային բանկերի ավանդները և վարկերը աճեցին համապատասխանաբար 1 տոկոսով (ա/ա) և 1.3 տոկոսով (ա/ա)։ Մայիսին ավանդների և վարկերի աճը պայմանավորված էր ՀՀ դրամային միջոցների աճով։ Վարկերի աճը հիմնականում պայմանավորված էր սպառողական վարկերի ընդլայնմամբ։ Ընդհանուր ավանդների փոխարժեքով ճշտված տարեկան աճը 13.6 տոկոս էր (տ/տ), վարկերի աճը՝ 27.9 տոկոս (տ/տ)։
Մայիսին բյուջեում գրանցվեց ՀՆԱ-ի 0.8 տոկոսի չափով պակասուրդ։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճեցին 14.1 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված հավաքված ԱԱՀ-ի ավելացումով (աճը 17.9 տոկոս, տ/տ)։ Զգալի աճեց նաև շրջանառության հարկի հավաքագրումը (աճը 72.5 տոկոս, տ/տ)՝ պայմանավորված շրջանառության հարկման ռեժիմների դրույքաչափի բարձրացմամբ։ Ընդհանուր ծախսերն աճեցին 28.2 տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում կապիտալ ծախսերի աճի հաշվին էր, որոնք գրեթե եռապատկվեցին (տ/տ) ՝ պայմանավորված պաշտպանական ծախսերի 3.5-ապատիկ (տ/տ) աճով։ Ընթացիկ ծախսերի ավելացումը համեստ էր՝ 3 տոկոս (տ/տ), ընդ որում ամենաբարձր աճը սոցիալական նպաստների և կենսաթոշակների մասով էր (աճը 12.8 տոկոս, տ/տ)։ Մայիսին գրանցված պակասուրդը հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածի պակասուրդի աճողական ցուցանիշը հասցրեց ՀՆԱ-ի 0.2 տոկոսին»,- ասվում է Համաշխարհային բանկի ամփոփագրում։