ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։
«Այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ միայն որպես մշակութային կարևոր իրադարձություն, այլև որպես մեր թանգարանների կարողությունների զարգացման և մասնագիտական հզորացման գործուն միջոց», – նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ՀՀ թանգարանները վերջին տարիներին միջազգային ցուցադրությունների կազմակերպման արդյունավետ աշխատանքներ են իրականացրել։
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության և Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնություններին շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար։ Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ ձևավորված է դինամիկ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն, որը կառուցված է փոխադարձ վստահության ու համատեղ արժեքների վրա։ Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակաբար ներդնելու ջանքեր համագործակցության խորացման, նոր նախաձեռնությունների իրականացման և երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությանը, ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի՝ որպես օտար լեզու դասավանդման զարգացմանը: