Հետևեք մեզ։

Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին պաշտոնի է նշանակել ՀԷՑ–ում

16:17, 01 օգոստոս 2025
Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին պաշտոնի է նշանակել ՀԷՑ–ում
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:
 
Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Առուշանյանը շնորհավորել են Սարիկ Մինասյանին պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար։
 
 
Շիրակի մարզպետը կարևորել է համակարգում արված փոփոխությունները, Սարիկ Մինասյանին մաղթել բեղմնավոր աշխատանք և ձեռքբերումներ․ «Այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի էլեկտրական ցանցերում, արվում է միայն ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ մեր մարզի։ Ես դեռ Ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ մի քանի քննարկումների եմ մասնակցել, որոնք առնչվել են համակարգում առկա խնդիրներին և բողոքներին։ Պարոն Մինասյանը, վստահ եմ՝ ջանք ու եռանդ չի խնայելու հնարավոր թերացումները բացառելու, առկա խնդիրներին օր առաջ լուծում տալու համար։ Հաջողություններ ու բարի աշխատանք եմ մաղթում»։
 
ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Սարիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերն առկա խնդիրներն օր առաջ լուծելու նպատակով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները