Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոստովանեց, որ շատ կոնկրետ թեմա է Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցը, ինչ–որ ժամանակ արդեն քննարկման սեղանին է դրված։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1–ին, «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այստեղ իհարկե, ակնհայտ աբսուրդայնություն կա, որ Սյունիքի ճանապարհը կամ միջանցք կոչվածը ինչու է այսօր քննարկման թեմա դեռ մնում բանակցային սեղանի վրա։ Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Լաչինը միջանցք էր 5 կիլոմետրանոց, որի վրա Ադրբեջանը ոչ մի վերահսկողություն չուներ եւ դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը։ Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իրենով շարունակում է ապրել։
Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9–րդ կետի կատարումը, սկսել է մեկնաբանել, որ մենք այլ կերպ ենք հասկանում։ Շատ բնական է, որ Ադրբեջանում ասում են՝ հո մեզ հարիֆի տեղ չե՞ք դնում։ Պատերազմը դուք եք պարտվել, այդ ամբողջ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը բխում է Ադրբեջանի շահերից ու դուք այդ կետը մերժում եք։ Դրան հետեւեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը։
Այս ամենը մի կողմ դնել, ու բանակցությունները հասցնել այնտեղ, որ «Զանգեզուրի միջանցքն» առանձին թեմա որպես ապրում է, աբսուրդ է։ Սա ուղղակի դիվանագիտական ձախողման մի գլուխգործոց է»,– ընդգծեց նա։