Հետևեք մեզ։

Նախկին վարչապետի փեսան Ստեփանավան համայնքում նոր հէկ է կառուցելու. կհատվի 60 ծառ. Hetq.am

08:52, 05 օգոստոս 2025
Նախկին վարչապետի փեսան Ստեփանավան համայնքում նոր հէկ է կառուցելու. կհատվի 60 ծառ. Hetq.am

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Ուրասար բնակավայրի վարչական տարածքում «Ստեփձոր -1» ՍՊԸ-ն ուզում է կառուցել 4,2 ՄՎտ հզորության փոքր հիդրոէլեկտրակայան: Այդ նպատակի իրականացման համար ընկերությունը հատելու է 60 ծառ, փոխարենը խոստանում է տնկել 649 ծառ։

2023 թվականին հիմնադրված ընկերության սեփականատերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր` Նաիրա Սարգսյանի ամուսինն է` Հայկ Սուվարյանը: Չնայած նրան պատկանող մեկ այլ` «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ընկերության 2025թ. հունվարի` իրական շահառուների հայտարարագրում նշվում է, որ Հայկ Սուվարյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի Ներքին աուդիտի տնօրենն է, բայց բանկի կայքից տեղեկանում ենք, որ 2022թ.-ից այդ պաշտոնին այլ անձ է նշանակված:

Հիշեցնենք, որ Հայկ Սուվարյանը նոր չէ փոքր հիդրոէլեկտրակայանների բիզնեսում: «Հետքը» տարիներ առաջ անդրադարձել էր Եղեգիս գետի վրա կառուցած «Գողթանիկ» հէկին, որը շահագործում է վերոնշյալ «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն: Այստեղ ևս Հայկ Սուվարյանը միանձնյա բաժնետեր է:

Հայկ Սուվարյանը մեկ այլ` «Ստեփձոր» ՍՊԸ-ի բաժնետերն է, որը Տաշիրում 2024 թվականից շահագործում է 990 կՎտ հզորությամբ «Տաշիր»  հէկը:

Սրանցից բացի, Հայկ Սուվարյանի հայրը` Հրանտ Սուվարյանը, ով 2002-2020թթ. զբաղեցրել է Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնը, իսկ այժմ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահի տեղակալն է և աուդիտի հանձնաժողովի նախագահը, 15% մասնակցություն ունի նաև Վայոց ձորի մարզում 2013 թվականից գործող «Եղեգիս-2» հէկում, որը շահագործում է «Ռաել Գէս» ՍՊԸ-ն: 

«Ստեփձոր -1» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման է ներկայացրել նոր հէկի կառուցման նախագիծը, որտեղ հստակ նշվում է, որ փհէկի շենքի տարածքը խոտածածկ է, կան ծառաթփեր, 60 ծառ, որից 35-36-ը մեծ ծառեր են՝ 20 տարեկան և ավելի հասակով։ Կան նաև հատուկենտ սոճիներ, բոխի, եղևնի և այլ տեսակներ, ինչպես նաև մասրենիներ, մոշ, չիչխան և այլ թփատեսակներ։ Ծառերը հատվելու են, դրանց դիմաց ընկերությունը համայնքապետարանի տրամադրած տարածքներում խոստանում է տնկել 649 հատ ծառ։

Հատման ենթակա են`

  • Ուռենի` 53 հատ 

  • Հացենի` 2 հատ 

  • Ակացիա` 1 հատ 

  • Վայրի խնձորենի`2 հատ 

  • Վայրի տանձենի` 1 հատ 

  • Սալորենի` 1 հատ։ 


Արդեն իսկ Ստեփանավանի համայնքապետարանը համաձայնություն է տվել ծառերի հատման և նոր ծառատեսակների տնկման վերաբերյալ։

Հէկը սնվելու է Ձորագետի Չքնաղ վտակից: Գլխամասի տեղադրման տարածքում բացակայում են ծառերը, տարածքը խոտածածկ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները