Հետևեք մեզ։

Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հատկացված 6 միլիոն դոլարից 1.6-2 միլիոն դոլարն ավտոմատ փոխանցվել է պետբյուջե. Հայկ Սիմոնյան

10:07, 05 օգոստոս 2025
Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հատկացված 6 միլիոն դոլարից 1.6-2 միլիոն դոլարն ավտոմատ փոխանցվել է պետբյուջե. Հայկ Սիմոնյան

Երևանում համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսզի համերգը կազմակերպած Doping Space ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը ներկայացրել է համերգի կազմակերպման հետ կապված մի շարք մանրամասներ։ 

Հայկ Սիմոնյանը թեմային անդրադարձել է ReOpen Media հարթակին տված հարցազրույցում։ 

«Կոմերցիոն տեսանկյունից սա Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ համերգն է։ 10 տարի առաջ մենք մասնակիցների թվաքանակի տեսանկյունից ունեցել ենք System of a Down խմբի համերգ, բայց կոմերցիոն տեսանկյունից համերգ, որը ունի այսպիսի ցուցանիշներ, իսկապես առաջինն էր։ Նմանատիպ միջոցառումների անցկացումը որևէ երկրում խոսում է մի քանի բանի մասին։ Առաջին, որ դու երկիր ես, որ կարող ես հյուրընկալել մարդկանց և բացի համերգից այլ բաներով ևս զբաղեցնել, որովհետև միայն համերգը բավական չէ, որ մարդը գնա որևէ երկիր, դրա համար պետք է որոշակի ժամանցային համադրություն։ Երկրորդը այն է, որ երկիրը ունի ինտելեկտուալ ռեսուրս նման միջոցառում կազմակերպելու, որովհետև այսպիսի միջոցառումների ընթացքում չկա որևէ բիզնես կոմպոնենտ, որը չներառվի այս գործընթացում՝ սկսած բանակցային հմտություններից մինչև յուրաքանչյուր սանտիմետրի վերահսկողությունը։ Երրորդ՝ սա նաև խոսում է նրա մասին, որ մենք անվտանգ երկիր ենք, քանի որ այդ կարգի աստղերի համար անվտանգությունը թոփ առաջնահերթություններից մեկն է; Ջենիֆեր Լոպեսը, եթե չեմ սխալվում 98 հոգանոց թիմով էր ժամանել, իրենց պետք է ապացուցել, որ դու ոչ միայն արտաքին գործոններով ես անվտանգ, այլև ներքին։ Ներքինը շատ ավելի հեշտ է, ինչ վերաբերում է արտաքինին, հարց է առաջանում, քանի տարի պետք է անցնի առանց պատերազմի, որ մենք սկսենք մեզ ներկայացնել անվտանգ նաև այդ տեսանկյունից»,- նշել է Սիմոնյանը։ 

Խոսելով համերգի կազմակերպման գործում պետության կողմից ռեսուրսների ծախսման և դրանից քաղված օգուտների մասին՝ նա շեշտել է. 

«Եթե ես չհավատայի, որ այս երևույթն արդյունավետ է, ես ջանք չէի գործադրի։ Մենք հեծանիվ չենք հորինել՝ ամբողջ աշխարհում առավել արդյունավետ միջոց՝ ավելի արագ այս քանակի զբոսաշրջիկներ ներգրավելու, գոյություն չունի, քան նման միջոցառումներն են։ Մինչև երբ պետք է գնանք մեր հարևան Վրաստանում համերգներ վայելելու և «նախանձելու» նրանց, ինչո՞ւ մենք ևս նրանց չհրավիրենք։ Նմանատիպ միջոցառումների հարցում անգամ տնտեսապես շատ ավելի հարուստ երկրներում պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում, օրինակ Աբու Դաբիում գրեթե չկա համերգ, որ պետությունը չունենա իր ներգրավվածությունը։ Նման համերգներ կազմակերպելու տեսանկյունից պետության աջակցությունը շատ կարևոր է մի քանի կոմպոնենտով։ Առաջին՝ պետք է ունենալ բավականին մեծ ստադիոն, որպեսզի կարողանաս ներգրավել 60-80 հազար մարդ մեկ համերգի ժամանակ, որպեսզի, չունենալով տոմսի շատ մեծ արժեք, հնարավոր լինի կազմակերպել այդ համերգը։  Երկրորդ պետք է լինեն որոշակի քանակի մարդիկ, որոնք կլինեն վճարունակ և կկարողանան 100-200 եվրո միջին արժեքի տոմս գնել, երրորդ՝ պետք է ունենալ զարգացած շուկա՝ համերգի համար անհրաժեշտ սարքավորումները ներմուծելու համար»։

Անդրադառնալով մեծ ծախսերի մասին խոսակցություններին՝ Սիմոնյանն ասել է. 

«Իրականում գումարը մեծ է, բայց ոչ թե մեծ ծախսն է վախենալու, այլ ցածր եկամուտը. եթե դու ունենաս միջոցառում, որի ծախսը կազմում է 1 միլիոն դոլար, որը քեզ որևէ օգուտ չի տալիս, դա չի կարող նախընտրելի լինել նրանից, որ դու ունենաս միջոցառում, որը կարժենա մի քանի միլիոն դոլար ավելի, բայց որի օգուտը պետության համար մի քանի անգամ ավելին է։ Իրականում մենք չենք բերել Ջենիֆեր Լոպեսին, մենք նրան հրավիրել ենք, որպեսզի բերենք զբոսաշրջիկների, որպեսզի այս ամենը լինի արդարացված և առողջ։ Առաջին անգամ պատմության մեջ մենք Վրաստանի կողմից ունեցանք այն հերթերը, որը լինում էր այն ժամանակ, երբ Հայաստանից էին զբոսաշրջիկները նման միջոցառումների համար գնում Վրաստան։ Հյուրանոցների, ռեստորանների տերերը այն մարդիկ են, որոնք միանգամից կարող են տեսնել այս էֆեկտը»։ 

Սիմոնյանն անդրադարձել է նաև ծախսված գումարների հետ կապված խոսակցություններին՝ մանրամասնելով. «Շատերը մանիպուլացնում են, թե այդ  6 միլիոն դոլարը տրվել է աստղին, իրականում այդ գումարի կառուցվածքը շատ կարևոր է։ 6 միլիոն դոլարից միայն 1 միլիոն դոլարն ավելացված արժեքի հարկի տեսքով վերադարձվել է պետությանը, բացի սրանից կան նաև այլ հարկային մուտքեր, օրինակ՝ աստղի հոնորարից 25 տոկոս մենք ունենք ոչ ռեզիդենտների շահութահարկ, այսինքն՝ եթե աստղի հոնորարը 2 մլն դոլար է, մոտ 500 հազար դոլարը վերադարձվել է պետբյուջե։ Այսինքն` ամբողջ գումարից մոտ 1.6-2 միլիոն դոլարը ավտոմատ փոխանցվել է պետբյուջե, մնացած գումարը ներառում է աստղի հոնորարը և այլ կազմակերպչական ծախսերը։ 

Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանի անունը նոր երանգներ սկսեց ընդունել այս ոլորտում, որովհետև ենթագիտակցաբար նման միջոցառումները խոսում են այդ թվում նրա մասին, որ այս երկիրը հետաքրքիր է աստղերի համար։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․․․

Վերլուծական

Ամենաընթերցվածները