Հետևեք մեզ։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար. ԱՄՆ պետքարտուղարություն

09:26, 13 օգոստոս 2025
Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար, որին կարողացավ հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակումը վերահաստատել է այն, որ նախագահ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է։ Անցյալ շաբաթ նա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալեց Սպիտակ տանը, որտեղ նրանք ստորագրեցին խաղաղության պատմական համատեղ հռչակագիր՝ տասնամյակներ տևած ծանր հակամարտությունից և մեծ թվով մարդկային կորուստներից հետո, ինչը միջազգային դիվանագիտության համար նշանակալի նվաճում է և բռնության դադարեցում, որը միայն նախագահ Թրամփը կարող էր իրականացնել», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը։

Բրյուսը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 8-ին նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ՝ «բացելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում և ստեղծելով նոր հնարավորություններ ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար»։

Պետքարտուղարության ներկայացուցչին նաև խնդրել են մեկնաբանել Իրանից և Ռուսաստանից հնչող հայտարարությունները, որոնք «այնքան էլ չեն աջակցում խաղաղության այս պլանին»։

 

«Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել։ Այդ պայմանավորվածությունը, այս համաձայնագիրը կարևոր է նրա համար։ Նրանք (խմբ.՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները) Սպիտակ տանն էին։ Սա կարևոր է վարչակազմի համար։ Սա կարևոր է աշխարհի համար», - նշել է Թեմի Բրյուսը։

Նա շեշտել է, որ ինչպես եվրոպացիները, ֆրանսիացիները, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը փորձել են լուծել տասնամյակներ տևած հակամարտությունը, սակայն «միայն նախագահ Թրամփն է կարողացել այս երկու երկրներին հաջողությամբ բերել այս պատմական խաղաղությանը»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները