Կառավարությունը սահմանել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ օգոստոսի 14-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից բաց մրցույթով:
«Հիմնական գործառույթները, թե օպերատորն ինչ է անելու, եթե մրցույթի արդյունքում ընտրվի և գործի, այն է, որ իրական ժամանակում մոնիտորինգ է իրականացնելու խաղադրույքների և համապատասխան մոնիտորինգային կենտրոն է ստեղծելու ու դա միացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև խաղային արտադրանքների համապատասխանության, սերտիֆիկատների իսկության հավաստում է իրականացնելու: Ընդ որում՝ այս մոնիտորինգային կենտրոնին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այսինքն՝ խաղատների խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով խաղեր են կազմակերպվում:
Արդունքում ի՞նչ ենք ունենալու այս բարեփոխմամբ. այն թույլ է տալու վերահսկել խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները: