Անցած երկու շաբաթների ընթացքում Երևանի հասարակական տրանսպորտում իրականացված վերահսկողության շրջանակներում չվճարող քաղաքացիների նկատմամբ տուգանքներ հիմնականում չեն եղել, քանի որ որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Անցած երկու շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվել է ստուգում հասարակական տրանսպորտում, մասնավորապես՝ ավտոբուսներում։ Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ հիմնականում դուրս չեն գրվել, բայց ինչպես ինձ զեկուցել են, առնվազն մեկ տուգանք դուրս է գրվել արդեն»,-ներկայացրեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ ի հայտ եկած տեխնիկական խնդիրներն առնվազն ներկա պահին արդեն լուծվել են։
«Կարծում եմ, եթե վստահ ենք, որ այլևս տեխնիկական խնդիր չունենք, պետք է համապատասխան վարչարարությունը կիրառել»,-արձագանքելով Գրիգորյանին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։