Հետևեք մեզ։

Շան կծելուց 40 օր անց վիճակը վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել․ մանրամասներ Ակնալիճում երեխայի մահվան դեպքից. News.am

19:52, 20 օգոստոս 2025
Շան կծելուց 40 օր անց վիճակը վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել․ մանրամասներ Ակնալիճում երեխայի մահվան դեպքից. News.am

Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ գյուղում արձանագրվել է 2.5 տարեկան երեխայի մահվան դեպք՝ շան կծելու հետեւանքով առաջացած կատաղություն հիվանդությունից։ 

 

«Խելոք երեխա էր։ Շունը հայաթում ա եղել, երեխա ա, կարող է մոտ ա գնացել, կծել էր երեխուն»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմել է հարևանուհին։

 

Դեպքից հետո երեխային կատաղության դեմ չեն պատվաստել։ Հարեւանները պատմում են՝ երեխան հոգատար ծնողներ ունի, պարզապես չեն պատկերացրել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ շան կծածը։

 

«5 երեխա ունեն, շատ կոկիկ, լավ ընտանիք են։ Ուշադիր, հոգատար են երեխեքի հանդեպ»,- նշեց հարեւանուհիներից մեկը։ 

 

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել դեպքից 40 օր անց՝ օգոստոսի 15-ին՝ բարձր ջերմությամբ, դողով ու սարսուռով։ Ախտորոշվել է կատաղություն։ 

 

Սուրբ Աստվածամայր ԲԿ վերակենդանացման ծառայության ղեկավար Իգոր Նալչաջյանի խոսքով՝ երեխայի վիճակը գնալով էլ ավելի է վատացել, սկսվել են շնչառական խանգարումներ, սրտի աշխատանքի խանգարում, ինտուբացվել է, միացվել է արհեստական շնչառական սարքին։ Հիվանդանոցում երեխայի մոտ երկու անգամ արձանագրվել է սրտի կանգ։ Երկրորդի ժամանակ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

 

«Կատաղության վիրուսն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը։ Բժշկի չեն դիմել ընդհանրապես, մտածել են՝ մեծ վերք չի, հարևանի շունն է, թեթև վնասվածք է»,– NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց բժիշկը։

 

Նա խորհուրդ է տալիս նման դեպքերում անհապաղ դիմել մասնագետի։

 

«Շուն, թե ցանկացած այլ կենդանի եթե կծում է, պիտի անպայման դիմել բուժհաստատություն, այնտեղ արդեն կորոշեն թե պատվաստման ձևերը, թե սխեմաները», – նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները