Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն ամեն օր, ամեն ժամ աճում են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակումից հետո ակնկալվող արդյունքին՝ վարչապետը նշեց, որ Հայաստանը տնտեսության զարգացման բոլորովին այլ մակարդակ կունենա:
«Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են: Եվ ես համոզված եմ, որ դուք բոլորդ դա կտեսնեք տնտեսության մեջ: Միանշանակ այդպես է»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ այս տարվա մայիս-հունիս-հուլիս ամիսներին արդեն Հայաստանի բոլոր ժամանակների համար պատմականորեն առավելագույն թվով զբոսաշրջիկներ են եկել՝ դա նույնպես համարելով տնտեսական էֆեկտ:
«Դա, մասնավորապես, կարող է կապված լինել դրանից առաջ տեղի ունեցած մեկ այլ իրադարձության հետ: Ուզում եմ հիշեցնել, որ 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ աշխատանքներն ավարտելու մասին: Եվ պատահական չէ, որ այս իրադարձությունից 1 ամիս անց մտնում ենք մի ցիկլի մեջ, որտեղ Հայաստան են այցելում պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ»,-ասաց նա:
Փաշինյանի համար ակնհայտ է, որ զբոսաշրջության թվերի աճը կապված է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարության հետ, որ ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման աշխատանքները: