Հետևեք մեզ։

Հայաստանի ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումն իրատեսական է գնահատվում. ՆԳՆ

12:55, 22 օգոստոս 2025
Հայաստանի ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումն իրատեսական է գնահատվում. ՆԳՆ
ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
 
«2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:
 
2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների ու ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանդիպումը, և տրվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։
 
Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է։
 
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գնահատանք է հայտնել Հայաստանի կողմից արված աշխատանքի համար և նշել, որ Գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացմամբ կսահմանվի այն ժամանակացույցը, թե երբ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական միություն։
 
Մինչ այժմ Հայաստանի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները․
 
2025 թվականի փետրվարի 10-14-ը և ապրիլի 7-11-ը Հայաստան են այցելել ԵՄ առաջին և երկրորդ փորձագիտական առաքելությունները։
 
ՆԳ նախարարությունը մշակել է այցերի օրակարգը և ԵՄ պատվիրակության հետ սերտ համագործակցությամբ համակարգել գործընթացը։ Համակարգել է նաև շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքը՝ պատշաճ նախապատրաստման, ինչպես նաև փորձագետներին անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի տրամադրման նպատակով։
 
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի համակարգմամբ և փորձագիտական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի տեղակալի համակարգմամբ։
 
Առաքելություններին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍ-ի, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
 
ԵՄ փորձագիտական առաքելություններից հետո՝ առկա իրավիճակի և խնդիրների վերլուծությունների արդյունքում պատրաստվել են զեկույցներ, որոնց հիման վրա Եվրոպական հանձնաժողովը մշակել է Գործողությունների ծրագիրը, որը բանակցելի փաստաթուղթ չէ և ենթակա է լինելու կատարման։
 
Առաջին առաքելություն (2025 թվականի փետրվարի այց)
Քննարկվել են ԳԾ-ի I և II ուղղությունները՝
▪️փաստաթղթերի անվտանգություն,
▪️ սահմանների կառավարում,
▪️միգրացիայի կառավարում,
▪️ ապաստանի քաղաքականություն։
 
Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՀՀ սահմանակետեր՝ Բագրատաշեն, Այրում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան, ապաստան հայցողների գործող և Աբովյանի նորակառույց կացարան, ՄՔԾ կենտրոնի բաժանմունք և փաստաթղթերի տպագրության կենտրոն։
 
Երկրորդ առաքելություն (2025 թվականի ապրիլի այց)
Քննարկվել են Գործողությունների ծրագրի III և IV ուղղությունները՝
 
▪️կազմակերպված հանցավորություն,
▪️կոռուպցիոն ու ֆինանսական հանցագործություններ,
▪️ քրեական գործերով դատական և իրավապահ մարմինների համագործակցություն, ներառյալ անձնական տվյալների պաշտպանություն,
▪️արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։
 
Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՆԳՆ միասնական զանգերի կենտրոն, Պարեկային ծառայություն, առանձին հանդիպումներ ՆԳՆ կրթահամալիրում և ՀՀ արդարադատության ակադեմիայում։
 
Հունիսի 10-12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների, Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի ու Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբի հետ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով փորձագիտական պատվիրակության Հայաստան այցի վերաբերյալ՝ վիզաների ազատականացման գործընթացը առաջ մղելու նպատակով։
 
2025 թվականի հունիսի 24-ին Հայաստան է այցելել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությունը՝ Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Տեղի են ունեցել հանդիպումներ ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններում։
 
Ներկայումս իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ամփոփված Գործողությունների ծրագրի համաձայնեցումը ԵՄ անդամ պետությունների հետ․ այն ՀՀ-ին պաշտոնապես կփոխանցվի 2025 թվականի աշնանը։
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես միգրացիայի շարժունակության և հանրային անվտանգության ոլորտում իր բարեփոխումների ռազմավարական ծրագիր։
 
Հայաստանը հանձնառու է իրականացնելու այս բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները